Թուրքական ավիացիան 20 ժամվա ընթացքում չի կարողացել ոչ մի գրոհ իրականացնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) քրդական խմբավորման և սիրիական բանակի դեմ՝ Ռուսաստանի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածի օդային տարածքի փակման պատճառով: Այս մասին Twitter-ում հաղորդել է Մալթայից ռազմական վերլուծաբան Բաբակ Թագվեյը՝ հղում անելով Թուրքիայի ռազմական օդուժի 181-րդ ջոկատի նախկին օդաչուին:

Փորձագետի խոսքերով, ռազմական գործողություններին ներգրավված են նաև F-16 կործանիչներ, բայց դրանցից ոչ մեկին չի հաջողվել հարվածել քրդերի կամ սիրիական զորքերի դիրքերին:

Ավելի վաղ Թագվեյը, վկայակոչելով ռուսական ռազմական աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հոկտեմբերի 14-ի կեսօրին հաջողությամբ փակել են օդային տարածքը սիրիական զինծառայողների և SDF գրոհայինների գտնվելու գոտում:

Մասնավորապես, նրա տեղեկություններով, երկու Սու-35C դուրս են մղել երկու F-16-ի՝ դրանով իսկ խափանելով Մանբիջում գտնվող SDF-ի կենտրոնակայանին հարվածը, որն ԱՄՆ զորքերի տարհանումից հետո զբաղեցրել է սիրիական բանակը:

Ռուսաստանի, Թուրքիայի կամ Սիրիայի պաշտպանության նախարարությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ըստ Կրեմլի, ռուսական կողմը, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում իրականացվող թուրքական ռազմական գործողությունը: Ըստ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի, Մոսկվան մտավախություն ունի, որ Անկարայի գործողությունները կարող են ոչնչացնել սիրիական պետության փխրուն խաղաղությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել