Երբ նացիստական Գերմանիան 1941թ. հունիսին հարձակվեց Խորհրդային Միության վրա, հարյուրհազարավոր խորհրդային կանայք մեկնեցին առաջնագիծ՝ որպես բուժքույրեր, շտաբային ծառայողներ, խոհարարներ և անգամ դիպուկահարներ ծառայելու։ Ավելի քան 2000 կնոջ սովորեցրին դիպուկահարի արվեստն ու ուղարկեցին ամենավտանգավոր վայրեր՝ մարտական գործողությունների։ Կանայք ստիպված էին մարտի դաշտում ժամերով անշարժ պառկել, որպեսզի նրանց չհայտնաբերեին, ապա հարմար պահ գտնեին կրակելու համար։

Շատ պատմություններ կան կանանց սխրանքների և ինքնազոհողությունների մասին։ Օրինակ՝ մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Տանյա Բառամզինան բելառուսական առաջնագծում ոչնչացրել է գերմանացի 16 զինվորի։ Այնուհետև նրան ուղարկեցին թշնամու թիրախ, որտեղ կինը սպանեց 20 գերմանացու և զոհվեց թշնամու ձեռքից։ Մահից առաջ նրան այնքան ուժգին խոշտանգումների էին ենթարկել, որ մարմնի մնացորդները ճանաչել հնարավոր է եղել միայն վարսերի շնորհիվ։

Սակայն բոլորից ավելի հայտնի էր դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոն, ով ստացել էր Լեդի-մահ անվանումը։ Նա ծնվել է Կիևի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղակներից մեկում և մանկուց նպատակասլաց է եղել։ Երբ լսել է, թե ինչպես է հարևան տղան գլուխ գովում իր՝ կրակելու ունակության մասին, սկսել է հրացանով կրակել սովորել։ 

Լյուդմիլան սովորում էր Կիևի համալսարանի պատմագիտական ֆակուլտետում, երբ գերմանական զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա։ Նա անհապաղ որպես կամավոր գրանցվեց՝ առաջնագիծ գնալու համար։ Չնայած որ շրջապատում նրան համոզում էին առաջնագիծ գնալ գոնե որպես բուժքույր, նա ցանկանում էր Կարմիր բանակի զինվոր դառնալ։ Կնոջն առաջադրանք տվեցին՝ խորհրդային զորքերի կողմից պահվող բարձունքից կրակել երկու ռումինացու վրա, որոնք աշխատում էին գերմանացիների համար։ Լյուդմիլան հրաշալիորեն իրեն դրսևորեց, և նրան գրանցեցին 25-րդ Չապաևյան դիվիզիայում։

Մի քանի ամսվա ընթացքում Պավլիչենկոն կռվել է Օդեսայում և Մոլդովայում, այնուհետ նրան ուղարկեցին Սևաստոպոլի ինքնապաշտպանության ժամանակ գերմանացիների դեմ պայքարելու։ Շնորհիվ իր աննկատ ու ճշգրիտ շարժումների՝ նա ձեռք բերեց դիպուկահարի մեծ համբավ, որից գերմանացիները վախենում էին, որքան կրակից։ Նա տասնյակ թվերով հակառակորդների էր ոչնչացնում։ Նրան էին հանձնարարում կատարել ամենաբարդ առաջադրանքները։

Նրա փառքն այնքան մեծացավ, որ գերմանացիները փորձեցին Լյուդմիլային իրենց կողմը քաշել՝ մեգաֆոններով հայտնելով, որ նրան շոկոլադ և սպայի կոչում կտան։ Լյուդմիլային վիրավորել են չորս անգամ։ Երբ կոտորակառումբը դիպչել է նրա դեմքին, նրան հեռացրել են մարտի դաշտից։ Լյուդմիլան սկսել է այլ դիպուկահարների հետ պարապմունքներ անցկացնել և քարոզչությամբ զբաղվել։

Պակաս, քան մեկ տարում, նա ոչնչացրել է 309 հակառակորդի՝ դառնալով պատմության ամենահաջողակ դիպուկահարներից մեկը։

Պավլիչենկոյին հատուկ պատվիրակության հետ ուղարկեցին ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, որպեսզի բանակցություններ անցկացնեն դաշնակիցների հետ՝ եվրոպական երկրորդ ֆրոնտ բացելու և Խորհրդային Միության վրա ճնշումները նվազեցնելու վերաբերյալ։ ԱՄՆ-ում, երբ առաջին տիկին Էլեոնորա Ռուզվելտի հետ էր, Լյուդմիլային աբսուրդային հարցեր էին տալիս նորաձևության, սանրվածքների և դիմահարդարման մասին, որոնք իբր նա անում է մարտի մեկնելուց առաջ։ Սկզբում Լյուդմիլան հանդարտորեն պատասխանում էր այդ հարցերին, սակայն համբերությունը հատեց, և նա սկսեց քննադատել ամերիկացիների այդ հարցերը։

Վերադառնալով ԽՍՀՄ՝ Պավլիչենկոն մայոր և Խորհրդային Միության հերոս դարձավ, որն այդ ժամանակ բարձրագույն մրցանակ էր համարվում։ Մինչև պատերազմի ավարտը նա ուսուցանում էր դիպուկահարներին, ապա վերադարձավ Կիև և շարունակեց պատմաբանի ուսումնառությունը։

Լյուդմիլա Պավլիչենկոն մահացավ 1974թ. հոկտեմբերի 27-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել