Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստի ընթացքում հաստատվել էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքի և կից փաթեթի վերաբերյալ կարծիքը:
Անհրաժեշտ է ընդգծել երկու կարևոր իրավական դիրքորոշում, որոնք պետք է հիմք հանդիսանան Կառավարության կողմից ներկայացված նախագծերը լրամշակելու համար:
Ընդ որում՝ երկուսն էլ վերաբերում են դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու առաջարկված կարգավորմանը։
Այս հարցի հետ կապված Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝
1) դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա Սահմանադրական դատարանում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց.
2) ներկայացված նախագծերի արդյունքում չպետք է վտանգվի սահմանադրական արդարադատությունը, այսինքն՝ պետք է բացառվի Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության կողմից հրաժարականի ներկայացումը, ինչը կաթվածահար կանի Սահմանադրական դատարանի գործունեությունը։
Նշված իրավական դիրքորոշումների պայմաններում ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու համակարգը, անկախ այն հանգամանքից, որ բավականին լրամշակվել է, դեռևս թերի է։
Վետենիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշումները չխախտելու և հակասահմանադրական օրենք չընդունելու համար՝ առնվազն անհրաժեշտ է նախատեսել, որ առաջարկվող վաղաժամկետ կենսաթոշակի ինստիտուտից կարող են օգտվել միայն Սահմանադրական դատարանի այն դատավորները, ովքեր դիմում ներկայացնելու պահին իրենց վարույթում չունեն քննվող գործ։
Այս դեպքում հնարավորինս կերաշխավորվի Վենետիկի հանձնաժողովի կողմից կարևորվող դատավորների նկատմամբ քաղաքական ու անձնական ճնշումների բացակայությունը։