Ես դեռ երիտասարդ տարիներին հիացել եմ Նարե Հայկազյան երևույթով, նրա տաղանդով և երկրպագել նրան… Եվ պատահական չէր` երբ մտա Ֆեյսբուք, իմ առաջին բարեկամներից մեկը Նարեն էր… Երբ հոգնած, զայրացած, հիասթափված եմ լինում, անպայման մտնում եմ նրա էջը, հիանում նրա կերպարով, սքանչելի, կերպարային, մտախոհ, զվարթ, թախծոտ, չարաճճի կամ հրեշտակային ժպիտներով լեցուն լուսանկարներով, նրա ինքնատիպ ստեղծագործություններով… Ես ընկղմվում եմ նրա պարզ, շիտակ ու շատ կենդանի, հուզական, արտահայտիչ աշխարհը, ըմբոշխնում նրա տաղանդը, և ինձ պարուրում է հոգեկան հանգստությունը, դրական լիցքերը, շփումը մի բարձրարժեք էության, երևույթի հետ…

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ 29.06.13թ. նայեցի «Հայելու առաջ» հաղորդումն ու նորից հիացա Նարե Հայկազյան գեղեցկուհու, խենթ աղջկա, տաղանդավոր դերասանուհու, արվեստագետի կերպարով: Նրա հրեշտակային, նրա ինքնատիպ, յուրահատուկ կերպարով… Ուշադրությամբ և կարոտախտով լսեցի Նարեին` մեր տաղանդավոր, անկրկնելի Նարեին: Կրկին հիացա նրա խոսքի ինքնատիպությամբ, յուրահատկությամբ, մտքի խորությամբ…

Ինչպես ինքն է ասում, մենք բոլորս տրված ենք միմյանց համար… Սակայն մենք չկարողացանք պահել նրա տաղանդը, հասկանալ նրա մեծությունն ու հրեշտակային կերպարը… Կինոյի, թատերական աշխարհի արհեստավորները ջարդեցին, կոտրեցին Նարեին, և նա «ալիքների վրայով վազողի» նման ակամա, գուցե հարկադրաբար կամ նաև նեղացած ու չգնահատված ճեղքելով օվկիանոսները հայտնվեց մյուս կիսագնդում` Միացյալ Նահանգներում:

Նարե Հայկազյան դերասանուհուն ես համարում եմ չկայացած հայկական Լյուդմիլա Գուրչենկո: Իհարկե ոչ մարդկային կերպարի, այլ տաղանդի, ոճի, ինքնատիպության, չարաճճիության, համարձակության, գուցե նաև արտաքին որոշ նմանության համար… Որպես մնջախաղի վարպետ` նա «թիթեռ բռնող» Մարսել Մարսոյի հայկական կին տարբերակը կլիներ… Ափսոս, գուցե…

Գուցե… Այո, չհաշտվեց նա կինոյի, թատերական աշխարհում ստեղծված իրականության, այդ իրականության խիստ հայկական տարբերակների հետ…
Ցավոք, տաղանդների առջև դուռը փակողներն են շատ, նախանձողները, այդ դռները փակողներին դրդողները, ոգևորողները, հրահրողները, այդ դուռը փակելը արագացնողները… Հետաքրքիր է` կա՞ն այդ մարդիկ, այդ արվեստի դռնապան-լակեյները, թե՞ ոչ... Եթե չկան էլ, դժվար թե նրանք հիշվեն կամ հավասարվեն Նարեին: Դեռ նաև պարզ չէ` Նարե՞ն շատ բան կորցրեց, թե՞ մենք, թե՞ Հայաստանը, թե՞ մեր կինոն, թատերական, արվեստի աշխարհը… Նրա իրոք հայաստանոտ տաղանդի կարիքն ենք մենք զգում, նրա «կորցրած» տաղանդի, չգնահատված տաղանդի կարիքը…

Կուզենամ` Նարեն այսուհետ Երևանում կամ թե մեկ այլ տեղ, ընդհանրապես կյանքում խառը, անհասկանալի խաչմերուկների, եկեղեցի չտանող ճանապարհների չհանդիպի… Հանդիպի պարզ, բայց հետաքրքիր խաչմերուկների` սիրով, գեղեցկությամբ, հրաշքներով առլեցուն խաչմերուկների…
Եվ գուցե մի օր, Աստված տա, բռնի Հայրենիքի ճանապարհը, գա ու գտնի իր «կորցրած» չճանաչված տաղանդը… Գուցե…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել