Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն Աշխաբադում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Գարեգին Նժդեհի հասցեին բարբաջանքներից և Հայաստանի վարչապետի կողմից համարժեք հակահարված ստանալուց հետո արդեն ԱՊՀ երկրների ավելի նեղ կազմով հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմին՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ինչ կարևորություն է իրենից ներկայացրել Ադրբեջանն այդ տարիներին։

Նախ՝ ապշերոնյան բռնապետն իրեն բնորոշ ոճով սկսել է թվային մանիպուլյացիաները։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից պատերազմին մասնակցել է 600 հազար մարդ, որոնցից կեսը չեն վերադարձել ռազմաճակատից։ Այո՛, որևէ մեկը չի էլ հերքում, որ Ադրբեջանից այդքան մարդ է մասնակցել պատերազմին։ Սակայն կարևոր մեկ հարց կա այս թվի հետ կապված․ իսկ որքա՞նն են այդ 600 հազարից եղել թուրք-ազերիներ, քանի որ բազմազգ Ադրբեջանում 1940-ական թվականների սկզբին թուրք-ազերիների թիվը պաշտոնապես կազմել է բնակչության կեսը, իսկ ոչ պաշտոնապես՝ ընդամենը 30-35 տոկոսը։

Ըստ «Ռուսաստանը և ԽՍՀՄ-ը 20-րդ դարի պատերազմներում» աշխատության՝ ադրբեջանցիների կորուստները Հայրենական պատերազմի տարիներին կազմել են 58,4 հազար մարդ։ Այս թիվը հաշվի առնելով՝ կարելի է պատկերացնել, թե իրականում որքան ադրբեջանցի է մասնակցել պատերազմին։ Թվային պարզ հաշվարկի շնորհիվ ստացվում է, որ պատերազմին լավագույն դեպքում մասնակցել են 116-120 հազար ադրբեջանցիներ, ոչ ավել։ Մնացած 480-485 հազար «ադրբեջանցիները», ովքեր մասնակցել են պատերազմին, հայերն են, ռուսները, լեզգինները, հրեաները, թաթերը, թալիշները և այլ ազգերի ներկայացուցիչներն են, որ ապրել են Ադրբեջանում։

Պարոն Ալիևը հպարտորեն նաև հայտարարել է, որ Ադրբեջանի 130 ներկայացուցիչներ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչմանը։ Մեհրիբան խանումի ամուսինն «Ադրբեջանի ներկայացուցիչներ» արտահայտության տակ քողարկել է այն փաստը, որ ամբողջ ԽՍՀՄ-ում ընդամենը 43 ազեր-կոյունլու է ստացել ԽՍՀՄ հերոսի կոչում, իսկ նրա մատնանշած 130 թվի մեծ մասը որևէ կապ չունի ադրբեջանցիների հետ։

Ապշերոնյան բռնապետն, էքստազի մեջ գտնվելով, մի ֆանտաստիկ թիվ է մեջբերել և հայտարարել, որ «170 հազար մեր զինվորներ և սպաներ պարգևատրվել են ԽՍՀՄ բազմաթիվ մեդալներով և շքանշաններով»։ «Մեր» ասելով՝ Մեհրիբան խանումի ղեկավարը երևի նկատի է ունեցել Ադրբեջանից մասնակցած հայերին և այլ ազգի ներկայացուցիչներին, քանի որ 1963թ․-ին հրատարակված «История Азербайджана. Издательство Академии наук Азербайджанской ССР» գրքի երրորդ հատորի 128-րդ էջում կարդում ենք, որ ընդամենը 400 թուրք-ազերիներ են ստացել Ալիևի նշած մեդալները և շքանշանները։

Չեմ զարմանա, որ եթե ազերի-թուրքը որպես ազգ պահպանվի, որոշ ժամանակ անց կսեփականաշնորհեն նաև մարշալներ Բաղրամյանին, Բաբաջանյանին, ծովակալ Իսակովին և բազմաթիվ այլ գեներալների, ովքեր ստալինյան քարտեզագրության պատճառով դարձան ծնունդով Ադրբեջանից, և արդեն հիմա էլ նույն Բաքվի կողմից ներկայացվում են Ադրբեջանի որդիներ և դուստրեր անվան տակ՝ չմատնանշելով, թե նրանցից իրականում քանիսն են թուրք։

Մազութոտված սուլթանն իր ելույթի ժամանակ նաև հիշել է Գերմանիայի ֆաշիստ առաջնորդ Ադոլֆ Հիտլերի տորթի մասին, որի վրա եղել է պատկերված Բաքու քաղաքը, և որի գրավման մասին երազել է Հիտլերը, որը կարող էր, ըստ Ալիևի, աղետալի հետևանքներ ունենար քաղաքի բնաչկության և ԽՍՀՄ-ի համար, քանի որ բանակին մատակարարվող վառելիքի մեծ մասը տալիս էին Բաքվի նավթի հանքերը։ Այս անգամ ևս Իլհամ բաբան կեղծել է և գերագնահատել ազերի-թուրքերի հնարավորությունները։ Նախ՝ լինելով ԽՍՀՄ մաս՝ Ադրբեջանի խորհրդային իշխանությունը ռիսկ չուներ, որ հանկարծ մերժեր Ստալինին տրամադրել բնության կողմից արտադրվող բարիքը՝ նավթը, խորհրդային բանակի կարիքները հոգալու համար։

Երկրորդը՝ Բաքվի նավթի հանքերը մնացին անվնաս, քանի որ խորհրդային բանակները 1943թ․-ի փետրվարին Ստալինգրադի մոտ պարտության մատնեցին գերմանացի գեներալ-ֆելդմարշալ ֆոն Պաուլյուսին, որի հաղթանակի դեպքում Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան, որը խոշոր ուժեր էր կենտրոնացրել խորհրդա-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով անմիջապես կմտներ պատերազմի մեջ որպես Գերմանիայի դաշնակից։

Շատ ափսոս, որ Աշխաբադում որևէ մեկը չէր հիշեցրել Իլհամ բաբային իրենց հերոսներից մեկի՝ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի ֆաշիստական փառահեղ անցյալի մասին, որը Հիտլերի «դաբռոյով» ստեղծել էր իր դաժանություններով աչքի ընկած ադրբեջանական լեգիոնը։ Ի դեպ, ըստ տարբեր աղբյուրների, ԽՍՀՄ բանակում ծառայած 20850-ից մինչև 50 հազար ազերիներ են գերեվարվել գերմանացիների կողմից, որոնց մեծ մասը համալրել են վերը նշված տխրահռչակ լեգիոնի շարքերը։

Հ.Գ. Ադրբեջանի դիկտատորի աշխաբադյան բարբաջանքներն ապացուցում են, որ Բաքվում որոշել են հիմնովին ռևիզիայի ենթարկել Հայրենական մեծ պատերազմի ադրբեջանական մասը և ամբողջությամբ սեփականաշնորհել դրա «դափնիները»։ Հայաստանն այդ կեղծիքներին և զեղծարարություններին պետք է համարժեք պատասխան տա, քանի որ կեղծվում և սեփականաշնորհվում են մեր հայրենակիցների սխրանքերը և հերոսությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել