Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարկվել, որտեղ նկատելի է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին վիրավորում է:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ով նաև շուրթերի միջոցով կարդալու մասնագետ է, Blognews.am-ի հետ զրույցում նշեց, որ, ամենայն հավանականությամբ, «դեբիլ» է ասում: «Նման է. հստակ ոչ ոք չի կարող ասել, բայց շատ նման են շուրթերի շարժն ու հատկապես էմոցիան»,- ասաց նա:

Տեղեկանալով, որ դրանից առաջ բանավեճ է եղել կանանց միջև, հոգեբանը հաստատեց, որ դա առավել ևս ենթադրելու տեղիք է տալիս, որ «դեբիլ» է ասում:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին (հղումն՝ այստեղ՝ Հանձնաժողովի նիստին որևէ անգամ օրակարգ չեք ներկայացրել, եկել նստել, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել, քվեարկել կամ չեք քվեարկել ու գնացել եք. Նաիրա Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին), որի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև թեժ բանավեճ էր սկսել: Իմքայլականներն առաջարկել էին հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնել, աշխատանքային խմբեր ձևավորել, որին Նաիրա Զոհրաբյանի արձագանքը կոշտ էր եղել, ով, դիմելով Ղազարյանին, նշել էր. «Որևէ անգամ, տիկի՛ն Ղազարյան, դուք չեք ներկայացրել որևէ օրակարգ: Չեք ներկայացրել, եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք կամ չեք ժպտացել, քվեարկել եք, գնացել եք, չի՛ կարելի»:

Թագուհի Ղազարյանն էլ արձագանքել էր, թե, քանի որ խոսում է վիրավորանքի սահմանն անցնելու մասին, հորդորում է նիստի ձայնագրությունը նայել և պատգամավորի խոսքը լսել, և կտեսնի, թե ինչպես է սահմաններն անցնում:

Թագուհի Ղազարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, պատգամավորը զանգերին չի պատասխանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել