Ինտելիգենտների, այդ թվում՝ հայոց ինտելիգենիցայի շրջանում բավականին տարածված է Ստենլի Կուբրիկի հանդեպ սերը: Ինչպես ամենուր, Հայաստանում նույնպես այդ սեր տածողների շարքերում շատ քչերն են իրականում հասկանում նրա հանճարը: Համարվում է, որ նա հանճար է, ըստ այդմ՝ շատերը իրենց պարտավոր են համարում հարգել-սիրել նրան: Մանր վանդակավոր սառոչկա ունենալու նման բան է, ցանկացած ինտելիգենտ-բայց-իձիոտը (©Նասիմ Թալեբ) պիտի մի հատ դրանից ունենա: Դա ունենա ու Կուբրիկ գնահատի:

Կուբրիկն իրոք հզոր տիպ էր: Նրա հզորագույն ֆիլմը «The Shining»-ն է (ռուսերեն «Сияние», հայերեն՝ ոնց որ «Փայլատակում»): Սա իր ռեքվիեմն է: Էկրանիզացնելով Սթիվեն Քինգի վեպը՝ նա լրիվ փոխել է դրա հիմնական ուղերձը՝ այդ ֆիլմը դարձնելով ամերիկյան աղանդավորության հակամանիֆեստ: Ֆիլմը թեպետ իրոք սարսափելի է, բայց ոչ թե արյան կամ վախենալու դրվագների պատճառով, այլ որովհետև պատմում է ԱՄՆ-ի կայացման պատմության մասին՝ ցեղասպանությունների, ստրկատիրության, խաբեության և այլնի:

Հայաստանը հիմա շատ է սկսում նմանվել ԱՄՆ-ին: Այստեղ հանրային կառավարման նույն տեխնոլոգիաներն են կիրառվում և, ըստ այդմ, նույն արդյունքն է ստացվում: Ամերիկայում բավականին մեծ արտոնություններ են տալիս տարատեսակ կրոնական կառույցներին և կրոնական հոսքերից ամենախոշորն ավետարանչականությունն է, որը աղանդավոր բողոքականության՝ մի լեվել ափգրեյդ եղած տարբերակն է: Էդ հիմա է իրենց աղանդավոր լինելու փաստը կոծկվում, քանի որ, դե, բոլորն էլ ընտանիք ունեն պահելու ու եկեղեցիներ ունեն կառուցելու, փողն էլ հիմա դրանց ձեռն ա: Իսկ ժամանակին՝ մոտ 150 տարի առաջ, մեր եկեղեցին բավականին միանշանակ այս ամենը ֆիքսել էր պաշտոնական, գրավոր նզովքի մեջ:

Աղանդավորության հիմնաքարային քարոզին անդրադարձել էի մի քանի օր առաջ: Նրանք բոլորը մերժում են իրականությունը: ԱՄՆ հանրային կառավարման մոդելը հենց դրա վրա է հիմնված՝ մերժել այն, ինչը պետք է մերժել, ու ըմբոշխնել այն, ինչը պետք է ըմբոշխնել: Ըստ այդմ՝ վատ կարա հռչակվի ամեն ինչ՝ կուսությունից սկսած մինչև ամբողջ երկրներ: Համապատասխանաբար, լավ կարան լինեն այլասերումը, տոտալ դեգրադացիան ու ավտորիտարիզմը, դրա համար պարզապես պետք է այդ ամենը վերանվանել հպարտության շքերթի, ազատության ու դեմոկրատիայի: Վերանվանել ու աղոթքի պես անընդհատ կրկնել:

Բուն ԱՄՆ-ում շատ քչերը գիտեն, որ իրենք զարգացած երկրներից հետ են գրեթե բոլոր սոցիալական ցուցանիշներով, որ իրենց ազատազրկված քաղաքացիների քանակով իրենց հավասարը չի եղել պատմության մեջ նույնիսկ ամենադաժան դիկտատուրաներում, որ իրենց հարկերով, հանուն նավթի ու հերոինի վաճառքի վերահսկման, միլիոնավոր մարդիկ են սպանվում աշխարհով մեկ:

Երբեմն այդ շինծու քողերը փլվում են: Օրինակ, երբ Կատրինա փոթորիկը հեղեղեց Նոր Օրլեանի 80%-ը, տեղի բնակչությունը, փորձանքի մեջ ընկնելով, ոչ թե համախմբվեց, այլ սկսեց իրար փրթել: Ռասիստներն իրար էին սպանում, աղքատները հարուստներին էին սպանում ու թալանում, ոստիկաններն իրենց բեսպրերդելով հայտնի դարձան: Մի շարքային ֆորսմաժորի արդյունքում պարզվեց, որ սիրո ու հանդուրժողականության օրրանում ատելության այնպիսի դոզա կա, որ նույնիսկ սիրիական Ռաքքայում դժվար կգտնես: Բայց, կրկրնում եմ, նույնիսկ սրա մասին ամերիկացիքի մեծ մասն այդպես էլ չիմացավ: Նմանատիպ իրավիճակներ են սկսում առաջանալ տարբեր քաղաքներում, նույնիսկ ֆորսմաժորի բացակայության պարագայում: Նույնիսկ բավականին բարեկեցիկ քաղաքներում մեկ էլ մի դեռահաս մտնում, մի 20 հասակակից է սպանում իր դպրոցում: Բայց մեկ է, կա էդ պատրանքը, որ Ամերիկան լավն է ու լավերի պահապանն է, իսկ, օրինակ, Սիրիան, որը ուներ անվճար ատամնաբուժություն ու բազմաթիվ սոցիալական ցուցանիշներով գերազանցում էր նույն ԱՄՆ-ին, վատն է: ԱՄՆ-ին գերազանցում են շատերը բազմաթիվ ցուցանիշներով՝ բացի մեկից՝ տեղեկատվական հոսքերը կառավարելու ցուցանիշից:

Նույն տեխնոլոգիան արտահանվել է Հայաստան: Կա մի ստվար զանգված, ում համար թոզ է փչվում: Ընդ որում, եթե նախկինում նեգատիվ թոզ էր փչվում, հիմա պոզիտիվ թոզ է փչվում: Նախկինում պնդում էին, որ զինվորներին ձեռքից զենքը խլել են ու բահեր բաժանել, իսկ հիմա ասում են, որ մենք թռիչքաձև զարգանում ենք: Ու էլի կան զուգահեռ իրականություններ: Իրականություններ, որտեղ մի կողմից բոլորը սելֆիներ են անում, գնում ստեղ-ընդեղ հաց ուտում, ասում, խոսում, ուրախանում, ու մեկ այլ իրականություն, որտեղ մարդկանց առանց որևէ ապացույցի կալանավորում են, գաղութում տանջամահ են անում, փողոցներում տեռորի են ենթարկում ու բարոյապես ոչնչացնում են ցանկացած այլախոհի:

ԱՄՆ-ում էդ սխեման աշխատել է, քանի որ Կատրինայի ժամանակ մեքսիկական զորքերը չէին կարող արագի մեջ պահից օգտվել: Ո՛չ Մեքսիկան կարա, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Չինաստանը: Ոչ մեկ չէր կարա: Սա է այդ երկրի առավելությունը․ այն հեռու է ու մեծ: Ուրիշ այդպիսի երկիր չկա... Ցանկացած այլ երկրի համար նման զուգահեռ իրականություններ ստեղծելը հղի է պարբերաբար առաջացող մղձավանջներով, ընդ որում՝ Թրամփը Սիրիայից զորք է հանում, ոչ թե որովհետև հասկացել է, որ շանտղություն են անում, այլ որովհետև էլ ֆինանսապես չեն ձգում: Բանակի վրա գնացող բյուջեն, եթե ներսի վրա չծախսեն, երկար չեն ձգի: Թեպետ տենց էլ չեն ձգի, իրենց մոդելը հենց բանակի վրա էր հիմնված: Էդ մոդելը փաստացի տապալվեց, հիմա սկսում է իներցիոն շրջանը:

Կուբրիկի այդ ֆիլմը հենց սրա մասին է։ Նա ասում էր, որ ամերիկացիք գիժ են, քանի որ չի կարող առողջ մարդն այդ զուգահեռ իրականություններից չգժվի: Պարզապես հարուստ գժին գիժ չեն ասում, ասում են՝ էքսցենտրիկ... որ հանկարծ չջղայնանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել