«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվամիջոցների դեմ ուղղված բռնությունները և բռնության կոչերը։ Կրկին հիշեցնում ենք. լրատվամիջոցների դեմ բռնություն կիրառելու փաստերն անպատժելիության մթնոլորտի պայմաններում անընդհատ կրկնվելու են:
«Հայելի» ակումբի վրա հարձակման պատմությունը դեռևս չավարտված՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այսօր նկատեց, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանն առերևույթ հերթական բռնության կոչն է հնչեցնում`այս անգամ սլաքներն ուղղելով irakanum.am լրատվականի դեմ։ Այս քայլն անընդունելի ենք համարում ոչ միայն մեդիաէթիկայի, այլ նաև լրատվամիջոցի նկատմամբ բռնություն կիրառելու կոչ հնչեցնելու տեսանկյունից:
Անկախ այն հանգամանքից, թե լրատվամիջոցը որքանով է պրոֆեսիոնալ գործել, դատապարտելի ենք համարում մեդիայի ազատությունը սահմանափակելու միտում ունեցող ցանկացած գործողություն: Հատկապես դատապարտելի է, երբ խոսքը վերաբերում է հանրային միջոցներով աշխատավարձ ստացող, ըստ էության` պետական պաշտոնյայի գործողություններին:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զգուշացնում է, որ irakanum.am-ի դեմ ուղղված յուրաքանչյուր հակաօրինական գործողության դեպքում պատասխանատվությունն ընկնելու է նախ և առաջ պետական հաստատությունների վրա, և իրավապահ մարմինները պարտավոր են հենց այս պահից զբաղվել irakanum.am-ի գրասենյակի անվտանգության և լրագրողների՝ առանց խոչընդոտների աշխատանքի ապահովմամբ:
Լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու, լրատվամիջոցների դեմ բռնություն կիրառելու գործողություններ խրախուսելը և կոչերով հանդես գալը անհետևանք չի մնալու նաև միջազգային լրագրողական համայնքի արձագանքների, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը 24/7 ռեժիմով հետևում է իրադարձությունների զարգացմանն ու իր բոլոր հնարավորություններով աջակցելու է լրատվամիջոցների ազատ և բռնությունից զերծ գործունեության ապահովմանը: