Pastinfo.am-ը գրում է․

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Մարտի 1-ի գործի վերանայման  ֆոնին, երբ մահվան դեպքերի բացահայտումը  երկրորդվեց եւ առաջին պլան մղվեց 2008 թվականին քաղաքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ  հետապնդումների իրականացումը,   հանրային ու քաղաքական շրջանակներում շարունակում է քննարկվել 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ոստիկանների ներգրավվածության ու գործողությունների իրավաչափության խնդիրը։ Որպես սենսացիոն նորություն է մատուցվում այդ օրերին մայրաքաղաքում զինված ստորաբաժանման առկայությունը, մինչդեռ դա նորություն չէ։ Ավելին՝ այն քննության առարկա է դարձել դեռեւս նախորդ իշխանության օրոք, պարզվել, թե ում է տրվել զենքը, ում հսկողության ներքո են նրանք գործել։ Ավելին՝ տվյալ զենքերն ուղարկվել փորձաքննության։

Նկատենք, որ այդ տեղեկատվությունը ժամանակին նախաքննական մարմինը՝ հատուկ քննչական ծառայությունը՝ տրամադրել է նաեւ Փաստահավաք խմբին, ինչը դրա որոշ անդամների կողմից աղավաղված մատուցվում է հասարակությանը՝ մանիպուլյացիայի ենթարկելով հանրության հույզերը։

«Փաստինֆո»-ի հավաստի  տեղեկություններով՝ ՀՔԾ-ն  տարիներ առաջ պարզել էր, որ, իսկապես, ոստիկանության զորքերում եղել է մի ստորաբաժանում, որին հատկացվել էին ինքնաձիգներ, բայց դա տեղի չի ունեցել  2008 թվականի մարտի 1-ին, այլ դրանից օրեր առաջ, երբ երկրում լարված էր ներքաղաքական իրավիճակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ հանրահավաքներին՝ զինվորականների միանալու, իր համախոհների կողմից իրեն ձեռքերի վրա Նախագահի նստավայր տանելու մասին։

Եվ այսպես՝ ըստ «Փաստինֆո»-ի տրամադրության տակ գտնվող գրության, ՀՔԾ-ն պարզել էր, որ  2008 թվականի  փետրվարի 25-ից  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 18 ծառայողներ ՀՀ ՈԶ   N զորամասի կազմում  ընդգրկվել են Երեւան քաղաքում իրականացվող ծառայությանը,  որպես լրացուցիչ ուժեր ուղարկվել են ծառայության՝ Կառավարության շենքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով։ Նրանցից ոմանց հատկացված են եղել ինքնաձիգներ։

Այսինքն՝ նախաքննական մարմինը չի թաքցրել, որ մարտի 1-ին ոստիկանության զորքերի զինված խումբը ծառայություն է իրականացրել ու այդ մասին տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել նաեւ   2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբին` ընդգծելով, որ ստորաբաժանումը ձեւավորված է եղել փորձառու  աշխատակիցներից՝ կառավարության վրա հնարավոր զինված հարձակումները հետ մղելու համար։

«Ինքնաձիգները տրամադրվել են  սահմանված կարգով, գրանցվել ՀՀ ՈԶ N զորամասի զենքերի հաշվառման մատյանում ։ Զինված խումբը ծառայության ընթացքում տեղակայված է մնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեւէ միջոցառման ընդգրկված չի եղել, ստացված ինքնաձիգները չեն օգտագործվել եւ դրանցից կրակոցներ չեն արձակվել, իսկ 2008թ մարտի 2-ին, ինքնաձիգները եւ ստացած բոլոր փամփուշտները վերադարձվել են զորամաս»,-նշված է եղել գրության մեջ։

Նախաքննական մարմնի այս տեղեկատվությունը ձեւախեղվել է ու օգտագործվել, օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ մոլորության մեջ գցելով հանրությանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել