Խվասոնյան սերիական մարդասպանի գործը, որին 33 տարի շարունակ հետապնդել են Հարավային Կորեայի լավագույն հետախույզները, վերջապես բացահայտվել է։ XX դարի վերջի ամենաարյունարբու «գազանի» անունը հայտնի է, և նա չի խուսափում արդարադատությունից։

1986թ. սեպտեմբերի 15-ից մինչև 1991թ. ապրիլի 3-ը Խվասոն քաղաքում սարսափելի սպանությունների շարք տեղի ունեցավ, և զոհվեց տեղի 10 բնակիչ։ 14-71 տարեկան կանանց կապել էին, բռնաբարել և գազանաբար սպանել։ Մոլագարին սկսեցին անվանել «խվասոնյան մարդասպան», և հետագա 30 տարիների ընթացքում նրա մասին սկսեց խոսել երկրի ողջ բնակչությունը։

Իրավապահներին անգործության մեջ մեղադրել չի կարելի, քանի որ ուժերի և ռեսուրսների մոբիլիզացիա էր իրականացվել։ Հարավային Կորեայում ոչ մի այլ նախաքննության համար այսքան աշխատակից չէր աշխատել։ Ընդհանուր առմամբ, քննչական գործողությունների կատարումը տևել է ավելի քան 2 հազար աշխատանքային օր։ Քննիչները հարցաքննել են 21 հազար մարդու և 20 հազարից մատնահետք վերցրել։

Հետաքննությունը սկսվել է 1986թ., սակայն կասկածյալի առաջին քիչ թե շատ նման պատկերը հնարավոր է եղել ստանալ միայն 1988-ին։ Ֆոտոռոբոտը կազմվել է այն նկարագրության հիման վրա, որը ներկայացրել էր ենթադրյալ մարդասպանին տեղափոխած ավտոբուսի վարորդը։

Վարորդը հարցաքննության ընթացքում հայտնել է, որ տղամարդը մոտ 20 տարեկան է, 165-170 սմ հասակով, կարճ, սպորտային սանրվածքով և սուր քթով։ Նկարագրությունը շատ ընդհանուր է ստացվել, ինչպես և դիմապատկերը։

Հաջորդող մի քանի տարիներն անցել են մարդկանց հարցաքննելով և այլ քննչական գործողություններ կատարելով։ Ոստիկանության այդ տարիների աշխատանքը հրաշալիորեն ներկայացված է «Հուշեր սպանության մասին» ֆիլմում, որը 2003թ. նկարահանել է ռեժիսոր Պոն Ջուն-հոն։

Ֆիլմը մեծ տարածում ձեռք բերեց, և այն դիտեցին միլիոնավոր մարդիկ։ Սյուժեի հիմքում ընկած է երկու քննիչների աշխատանքը, որոնք յուրաքանչյուր գնով փորձում են բռնել մարդասպանին և աշխատանքում կիրառում են ծեծ, հոգեբանական ճնշումներ ու խոշտանգումներ։

Նախաքննության մարմինների աշխատանքը բարդացնում էր այն տարիների տեխնոլոգիական ցածր մակարդակը։ Կենսաբանական տվյալների հիմքով հանցագործի անձը բացահայտելու համար ԴՆԹ առաջին անալիզները սկսել են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կիրառվել միայն 90-ականների վերջին։ Ոստիկանության ձեռքի տակ միայն 1990թ. հայտնաբերված մատնահետքեր էին, որոնցով, սակայն, հնարավոր չէր հայտնաբերել հանցագործին։

Ձգձգվող նախաքննության ընթացքում հակասություններ և ինտրիգներ առաջացան։ Բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության ավագ դատախազ Քիմ Չեն-Բինը հրաժարական տվեց մարդասպանի արյան խմբի կապակցությամբ առաջացած վեճի պատճառով։ Զոհերից մեկի մարմնի վրա մնացել էր երկրորդ խմբի արյան հետք, ձերբակալվել էր կասկածյալը, սակայն ապացույցների անբավարարության պատճառով վերջինիս բաց թողեցին։

2000-ականների սկզբին տեխնոլոգիական զարգացումը կորեացի ոստիկաններին թույլ տվեց թքի, սպերմի և մազի հետազոտություն անցկացնել, որոնք մոլագարը թողել էր հանցանքի վայրում։ Սակայն վերջին հանցագործության պահից արդեն շատ տարիներ էին անցել, և թանկարժեք ժամանակը բաց էր թողնվել։ Քննիչները որոշեցին, որ պարզապես երկրորդ արյան խումբ ունեցող մարդ փնտրելն արդյունավետ չէ, և դատախազ Կիմ Չեն-Բինը 2006թ. դա բացեիբաց հայտարարեց։

Դրանից հետո մամուլում պարբերաբար լուրեր էին տարածվում նոր կասկածվողների մասին, սակայն քննությունն առաջ չէր ընթանում։ Այս ողջ տարիների ընթացքում Հարավային Կորեայի բնակչությունն անհանգստանում էր, քանի որ մարդասպանը նրանց կողքին էր ապրում։

Անհանգստությանը վերջ տրվեց 2019թ. սեպտեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ գլխավոր կասկածյալը հայտնի է։ ԴՆԹ հետազոտությունները ցույց են տվել, որ տասից երեք սպանությանը մասնակից է եղել 56-ամյա Լի Չուն-Չժեն։ Նրա ԴՆԹ-ի նմուշները ոստիկանության ազգային բազայում են հայտնվել և համապատասխանել այն նմուշներին, որոնք երեք զոհերի մարմիններից են վերցվել։

Ոստիկանությունը երկար տարիներ փնտրել է արյան երկրորդ խումբ ունեցող մարդու, սակայն մարդասպանի արյունը առաջին խմբին է պատկանել։ Լի Չուն-Չժեի տվյալները հայտնվել են բազայում, քանի որ տղամարդը 1994-ից ի վեր ցմահ ազատազրկում է կրում։ Ճաղերի հետևում նա հայտնվել է սեփական հարսնացուին բռնաբարելու և սպանելու համար։

Լի Չուն-Չժեն աղջկա վրա հարձակվել է ամուսնալուծությունից հետո, երբ վերջինս նրան հյուր է եկել։ Մարդասպանը զոհի խմիչքի մեջ քնաբեր է լցրել, և երբ աղջիկը անգիտակից վիճակում է հայտնվել, Լին նրան բռնաբարել է, այնուհետև մասնատել՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Սակայն այս անգամ նրան բռնել են և դատապարտել ցմահ ազատազրկման։

Ոստիկանները վստահ են, որ հենց գլխավոր կասկածյալը՝ Լին է մարդասպանը, և շարունակում են հարցաքննությունները։ Ենթադրյալ հանցագործը շարունակում է ակտիվորեն հերքել իր մասնակցությունը երեսնամյա հնություն ունեցող հանցագործությանը։ Սակայն անգամ նրա խոստովանությունը չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ վաղեմության ժամկետն արդեն իսկ անցել է 2006-ին։ Ոստիկանությունը շարունակում է աշխատանքը՝ պարզելու միայն  ճշմարտությունը։

«Մենք խորը ցավակցություն ենք հայտնում տուժողներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև կորեական հասարակությանն այն բանի համար, որ այսքան ժամանակ չենք կարողացել այս հարցը լուծել։ Մենք կանենք ամեն հնարավորը՝ ճշմարտությունը բացահայտելու համար»,- այսպիսի հայտարարություն է արել Քենգի Նամբու շրջանի ոստիկանության աշխատակից Պան Գի-Սուն մամուլի ասուլիսի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել