Միացյալ Թագավորությունում գտնվող Սաֆոլքի դաշտերի հարևանությամբ թաքցրած բետոնե այս օբյեկտը, որը դռան փոխարեն ունի մետաղյա անցք, ուշադրություն չի գրավում։ Եթե աստիճաններով չորս մետր ներքև իջնեք, ապա կհայտնվեք Սառը պատերազմի տարիներին գործած իրական բունկերի։ 1991 թվականից ի վեր այս բունկերում ոչինչ չի փոխվել, և պատի վրա դեռևս կախված են հրահանգներ այն մասին, թե ինչ է հարկավոր անել միջուկային հարձակման ժամանակ։
Սառը պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայում 1563 բունկեր են կառուցել՝ մեկը մյուսից 25 կմ հեռավորության վրա։ Դա արվել է ԽՍՀՄ և ԱՄՆ փոխհարաբերությունների հանկարծակի սրման դեպքում պաշտպանվելու համար, որը կարող էր միջուկային պատերազմի վերածվել։ Բունկերներում ծառայում էին ցամաքային դիտորդական ծառայությունների կամավորները, որոնց առաքելությունը տեղեկություններ հավաքելն էր, թե որքան միջուկային ռումբ է նետվում, դրանց նետման հավանական վայրերը, ինչպես նաև ռադիացիայի տարածման դեպքում դրա մակարդակի բացահայտումը։
Գետնի տակ տեղակայվել էր ռումբի հզորության չափիչ սարք, որպեսզի յուրաքանչյուր մետրի վրա հնարավոր լինել չափել ալիքները։ Միջուկային հարձակման դեպքում կամավորները պետք է աշխատանքը շարունակեին երեք շաբաթ՝ առանց վախենալու։ Նրանք պետք է հեռահաղորդակցման եղանակով տեղեկացնեին ժողովրդին օդային կամ հրթիռային հարձակումների մասին։
Տվյալ բունկերը կառուցվել է 1958 թ. և լքվել 1991-ին։ Պատի վրա մինչ օրս փակցված է թղթի կտոր, որի վրա գրված է, թե ինչ պետք է անեն կամավորները ռազմական դրության ժամանակ։ Հարձակումների ժամանակ նրանք պետք է հայտնեին պայթյունների մասին և բունկերն ամեն օր աշխատունակ վիճակում պահեին։ Քարտեզները, գրությունները, գործիքներն ու առաջին օգնության պարագաները թափված էին գետնին։
Վերջերս բունկեր այցելած մարդկանցից մեկը պատմել է կլաուստրոֆոբիայի մասին, որն առաջանում է, երբ մտնում ես այնտեղ։ «Բունկերում հայտնվելու համար խիզախություն է անհրաժեշտ, քանի որ չգիտես՝ ինչ կլինի, երբ հասնես այնտեղ։ Ես իսկապես վատ զգացի, երբ աստիճաններով իջա՝ այնտեղ մտնելու համար։ Ես պատկերացնում եմ, թե ինչ ծանր է եղել կամավորների համար։ Հիացած էի այն բոլոր գործիքներով, որոնք կիրառվել են Սառը պատերազմի տարիներին և դեռևս բունկերում էին։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ժամանակը կանգ էր առել, մինչդեռ աշխարհն իրականում շարունակում էր ապրել»։
Շատ քիչ մարդ գիտի այս բունկերի գոյության մասին։ Կամավորներն այն անխափան աշխատեցրել են, երբ մարդիկ իսկապես հավատում էին միջուկային պատերազմի հնարավորությանը։ Սառը պատերազմի տարիներին կառուցված բունկերների գրեթե կեսը փակվել է 1968 թ., իսկ մյուսները՝ 1991 թ.՝ կոմունիստական բլոկի փլուզումից հետո։