168.am-ը գրում է.

Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տարածած հաղորդագրության համաձայն՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս այդ կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

«Նա ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցն իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Shamshyan.com-ի տարածած տեղեկության համաձայն՝ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Գագիկի Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տնօրենի աշխատասենյակում վիճաբանությունից և ծեծից հետո Վահագն Համբարձումյանը գլխի վնասվածք է ստացել: Վիճաբանությունը ծագել է, երբ հիվանդի բողոքի հիման վրա կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն առանց հարցը քննարկելու և բողոքի պատճառները և հիմքերը պարզելու՝ աշխատանքից հեռացրել է Վահագն Համբարձումյանի հորը՝ որովայնային վիրաբուժության բաժնի վարիչ, անվանի վիրաբույժ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Համբարձումյանին, լուծարել է բաժանմունքը, բժիշկներին շատ արագ տեղափոխել վիրաբուժության այլ բաժանմունք:

Այսօր հայր և որդի Համբարձումյանները տնօրենից փորձել են պարզել վերը նշված գործողությունների  պատճառներն ու հիմնավորումները, որի ընթացքում ծագած վիճաբանության արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուքը:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փակել է նաև գինեկոլոգիա թիվ 2 ակտիվ գործող բաժանմունքը, որտեղ աշխատում էին բազմամյա փորձ ունեցող հմուտ և ճանաչված բժիշկներ, որոնցից երկուսի հետ միակողմանի լուծել է  աշխատանքային  պայմանագիրը՝ առաջարկելով կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատավարձի աշխատելու պայմանով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կենտրոնի գործող բժիշկներին սպառնում է դրույքների կրճատում, աշխատավարձի իջեցում:

Հիշեցնենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնը ստանձնել է մեկ ամիս առաջ: Մինչ այդ կենտրոնը ղեկավարում էր Արմեն Տանանյանը, որին, ըստ մամուլի հրապարակումների, աշխատանքից ազատել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել