Նկարում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնամին է (աղջկա սկեսրայրը), որը ԻԻՀ հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծել է 12 քաղաքական կազմակերպությունների դաշինք, որը կոչվում է «Երրորդ ճակատ» կամ, հենց իր եզրաբանությամբ, «այլընտրանք սև ու սպիտակով չառաջնորդվողների համար»։
Նույն ինքը՝ Ահմադ Խորշիդին, երեկ արել է մի հետաքրքիր հայտարարություն, որից մի հատված կդնեմ նաև այստեղ. «Երբ քաղաքական մթնոլորտը լինում է երկբևեռ, ամեն ինչ ու ամեն ոք սկսում է չափվել միայն երկու գույնով՝ սևով և սպիտակով, և ձեր իդեաների գունապնակն էլ սահմանափակվում է միայն այդ երկու գույնով։ Սկսում եք սևից ու սպիտակից զատ այլ գույնի գոյություն չպատկերացնել։ Ահա, նման պայմաններում երկրի հիմնական խնդիրների ու մարտահրավերների լուծման համար ընտրվող ճանապարհները դառնում են ծայրաստիճան ռադիկալ և վտանգավոր՝ վնասելով երկրի ընդհանուր զարգացմանը և, առհասարակ, թույլ չտալով ավելի տրամաբանական ու խելամիտ լուծումների քննարկում»։
Խորշիդին, ով իր խոսքում տարալուծում է «սևի ու սպիտակի» սահմանը և հավասարապես բացասական դիտում դրանց գոյությունը և պարսավում նման գծեր անցկացնողներին, այդ երկու գույների տակ հասկանում է պահպանողականներին ու բարեփոխիչներին։