«Մինչև 20-21 շաբաթական հղիության ընթացքում կանանց փորձում ենք չասել երեխայի սեռը, որպեսզի գոնե այդ ձևով կանխենք սեռով պայմանավորված հղիության ընդհատումը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը:
Գինեկոլոգի խոսքերով` անցանկալի հղիության ընդհատման ավելացումը պայմանավորված է նաև մեկ այլ հանգամանքով: Մասնավորապես, նա նշեց, որ այսօր դեղատներում հղիությունն ընդհատող դեղեր են վաճառվում, և կանայք դրանք օգտագործում են առանց բժշկի հետ խորհրդակցելու, որն էլ հանգեցնում է նրան, որ կանանց մոտ արյունահոսություն է սկսվում, և ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց: «Ես խնդրում եմ մեր բոլոր կանանց` լավ մտածեք մինչ անցանկալի հղիությունն ընդհատելը, իսկ եթե, նույնիսկ, որոշել եք նման բան անել, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ»,- ասաց Մ.Թադևոսյանը:
Մանկաբարձ-գինեկոլոգը մեկ անգամ ևս կանանց հիշեցրեց, որ արդեն 8-9 շաբաթական երեխայի բոլոր զգայարաններն աշխատում են, սաղմն ամեն ինչ զգում է, և հեռացնելու ժամանակ նա գնում է մոր արգանդի այն հատվածը, որտեղ գործիքը չի հասնում: «Ֆիլմ էր նկարահանվել այդ մասին և շատ բժիշկներ դա տեսնելուց հետո ընդհանրապես հրաժարվել են աբորտ անելուց»,- նշեց Մ.Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա գինեկոլոգը նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ քայլ է իրականացրել՝ հղիներին անվճար ծննդօգնության սերտիֆիկատներ տրամադրելով, սակայն, Մ.Թադևոսյանը գտնում է, որ այդ սերտիֆիկատների տրամադրումով չէ, որ պետք է ծնելիությունը բարձրացնել: «Սերտիֆիկատների տրամադրումով առանձնապես մեծ բան չկատարվեց: Ծնելիությունը բարձրացնելը սերտիֆիկատ տրամադրելով չէ, կան սոցիալական խնդիրներ, և միայն անվճար ծննդաբերելով կինը զերծ չի մնում այդ հոգսերից»,- ասաց գինեկոլոգը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է երկրորդային անպտղությունը, քանի որ այն ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդագրական վիճակի վրա:
«Հայաստանում երկրորդային անպտղությունը հասնում է 15%-ի, իսկ դա սեռավարակների և անվտանգ աբորտների հետևանք է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հղիության ընդհատմանը, ապա Գ. Հայրապետյանի խոսքերով, ոչ մի երկրում աբորտների արգելումը չի բերել ծնելիության բարձրացման, այլ հակառակը` նպաստել է մայրական մահացությունների աճին: Հայաստանում, ըստ նրա, վերջին 10 տարիների ընթացքում աբորտից կին չի մահացել, ինչը լուրջ ցուցանիշ է: Բացի այդ` վերջին 10 տարիներին մոտ երեք անգամով նվազել է մայրական մահացությունների թիվը: «Հիմա եթե մենք քննարկում ենք` աբորտն արգելել, թե ոչ, ապա կարծում եմ` դա լուրջ խոսակցություն չէ: Պետք է հղիության ընդհատումը չարգելվի, պարզապես պետք է այնպես անել, որ ընտանիքը ցանկանա ունենալ այդ երեխային, իսկ եթե չի ցանկանում, ապա պետք է այնպես անել, որ կինը պաշտպանվի, ու բանը չհասնի հղիության ընդհատմանը»,- նշեց նա:
Անդրադառնալով երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը` Գ. Հայրապետյանն ասաց, որ այստեղ Հայաստանը երրորդ տեղում է աշխարհում: «Իսկ եթե սեռով պայմանավորված հղիության ընդհատումը արգելենք, ապա դա ուղղակի կնպաստի կոռուպցիայի աճին»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել