Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով Բուրգունդիայում խաղողի բերքահավաքի տվյալները սկսած XIV դարից։ Նրանք ուսումնասիրել են Բոնե քաղաքի քաղաքային խորհրդի նիստերի գրառումներն ու թերթերի արխիվները՝ մեկտեղելով 1354-2018 թվականների գրեթե չընդհատվող պատմությունը, տեղեկացնում է Nat-geo-ն։

Խաղողի բերքահավաքի տարեթվերն արտացոլում են ջերմաստիճանը, որը խաղողն զգում է վեգետացիոն շրջանում՝ ապրիլից մինչեւ բերքահավաք։ Եթե գարունը եւ ամառը շոգ են լինում, խաղողն ավելի արագ է հասունանում, եւ այն պետք է ավելի շուտ հավաքել։ Եթե ցուրտ են լինում, ուրեմն հակառակը։

Սա ազդում է ստացվող գինու համի եւ որակի վրա։ Եթե խաղողը չափից ավելի երկար է մնում որթի վրա, ապա նրանում ավելի շատ շաքար է առաջանում, իսկ դա նշանակում է, որ գինին ավելի թունդ է լինելու։ Իսկ եթե բերքը վաղահաս է, չի մշակվում հոտավետ քիմիկատների ճիշտ հավասարակշռություն, որոնք գինուն հաղորդում են բնորոշ բույրեր։

Գինեգործները հետեւում են բերքահավաքի ժամկետներին, իսկ շատ գրառումներ վերաբերում են միջնադարին։ 1800-ականներին գիտնականները եւ պատմաբանները հասկացել էին, որ այդ փաստաթղթերը կարող են օգտագործվել կլիմայի փոփոխություններին հետեւելու համար Եվրոպայի տարբեր հատվածներում։

Գիտնականները հայտնաբերել են, որ վերջին մի քանի հարյուր տարում ջերմաստիճանը թռիչքաձեւ է փոխվել, բայց ընդհանուր առմամբ բավական կայուն է եղել միջին մակարդակում։ Դա շարունակվել է մինչեւ վերջերս։ Դատելով գրառումներից՝ միջին դարերում եղել են առանձին տաք կամ շատ տաք շրջաններ, օրինակ՝ 1540 թվականը։ Բայց 1980-ականների վերջից շոգը միայն սաստկացել է։ Վերջին 16 տարիներից 8-ը եղել են պատմության մեջ խաղողի ամենավաղ բերքահավաքի տարիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել