Lragir.am-ը գրում է.
Կառավարությունում Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ դժգոհություն հնչեցրեցին ՊԵԿ նախագահն ու ԱԱԾ տնօրենը։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու գործընթացի վերաբերյալ իրենք անհամաձայնություն ունեն։
Նա ասաց, որ այդ հարցի քննարկման ժամանակ իրենք հնարավորություն չեն ունեցել համապարփակ ուսումնասիրել և ներկայացնել իրենց առաջարկությունները։ «Առիթից օգտվելով՝ ես ուղղակի ուզում եմ մեր վերապահումները ներկայացնել և մեր առարկությունները, որովհետև ՊԵԿ քննչական վարչությունը առաձնահատուկ է այնքանով, որքանով հարկային ու մաքսային ծառայող հանդիսացող քննիչներն ավելի համապարփակ քննություն իրականացնելու հնարավորություն ունեն, հարկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկատվությանը հասանելիություն ունեն»,- ասաց նա։
Անանյանը նշեց, որ ՊԵԿ քննչական մարմինն այսօր շատ կարևոր օղակ է՝ կառույցի առջև դրված խնդիրների լուծման համար։
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Մարտիրոսյանն էլ առաջարկեց անցումային փուլում ԱԱԾ-ն նույնպես հաշվի առնել։
«Առաջարկում ենք ներառել նաև ԱԱԾ-ն։ Սա վերաբերում է նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը նախորդող երեք տարիներին, անցումային շրջանում կոռուպցիոն հանցագործություններով քննությունը բացառապես տրվում է ՀՔԾ-ին և Քննչական կոմիտեին։ Ես կառաջարկեի ներառել նաև ԱԱԾ-ն, որպեսզի կարողանանք սահուն կերպով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից գործերի քննության իրականացումը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Վարչապետ Նիկոլ Փաշինայն ասաց, որ ինչ քննարկել են վերջին անգամ, այդ տրամաբանությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Չկան լուծումներ, որոնցից բոլորը կարող են հարյուր տոկոսով գոհ մնալ։