Այսօր գրող, լրագրող, հասարակական գործիչ Հարություն Հարությունյանի տարեդարձն է: Երեկ տեղի ունեցավ Հարություն Հարությունյանի «Վերջին ջահելությունը» գրքի գինեձոնը: Սա հեղինակի երկրորդ գիրքն է (առաջինը` «Թաց առավոտ»), ներառում է հեղինակի վերջին շրջանում գրված ստեղծագործությունները: Գրքի խմբագիրն է Ռոլանդ Շառոյանը, այն հրատարակել է «Լուսակն» հրատարակչությունը:
Գրքի խմբագիր, գրող Ռոլանդ Շառոյանի խոսքով` «Հարութը բառերի գեղեցկագրությամբ չի զբաղվում, պարզապես այդ բառերին տալիս է շատ անուշ տեսք: Նա նկարում է բառերով: Անրի Մատիսը մի առիթով գրել է. «Իսկական նկարչի համար չկա ավելի դժվար բան, քան մի վարդ նկարելը, որովհետև այդ անելու համար նախ պետք է մոռանա նկարված բոլոր վարդերը»: Հարութը հենց այս ճամփով հստակորեն ընթանում է»,- նշեց Ռոլանդ Շառոյանը:
ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց, որ թեեւ «Վերջին ջահելությունը» չի կարդացել, բայց չի կասկածում գրքի լավը լինելու մեջ, որովհետև Հ. Հարությունյանի հետ ճանապարհ է անցել և ծանոթ է նրա մտածումներին և տեսակին. «Խոսք եմ տալիս այս գիշեր ամբողջությամբ կարդամ այս գիրքը, վստահ եմ, որ այն ինձ դուր կգա:
Մենք Հարութի հետ երկար տարիների ընկերներ ենք ու միասին դժվար օրեր ենք ապրել: Ինքն ամենուր ՀՀ քաղաքացի է, իսկ այսպիսինների կարիքը շատ կա. այսօր բնակիչները շատ են, քաղաքացիները` քիչ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Ինքը` Հարություն Հարությունյանն իրեն այսպես է ներկայացնում. «Ծնվեցի Երեւանում 1963 թ. հուլիսի 2-ին: Կենսագրության մեջ չկա հպարտանալու առիթ: Սովորել եմ ինչպես բոլորը, ավարտել, ծառայել բանակում, աշխատել եւ շարունակում եմ ապրել: Հպարտությունս երկիրն է, թաղը, որտեղ մեծացա, ծնողներս, ընտանիքս եւ ընկերներս: Ասում եմ այն, ինչ մտածում եմ, գրում եմ, ինչպես ապրում եմ: Ավելի՞… ոչինչ»:
Տեղեկացնենք, որ գրքի գինեձոնի ժամանակ վաճառված գրքերի ողջ հասույթն ուղղվելու է որևէ երիտասարդ գրողի առաջին գրքի տպագրմանը։
Հետո ի՞նչ
Վաղը քո ծննդյան օրն է:
Հետո ի՞նչ:
Ամեն օր, ինչ-որ մեկի ծննդյան օրն է,
Եվ ամեն օր մարդիկ մեծանում են մեկ տարով:
Հետո ի՞նչ…
Մի օր, հիշում եմ,
Մենք բոլորս մեծացանք մեկ դարով,
Ու մեզ թվաց, թե երկիրը կփոխվի:
Ոչինչ էլ չեղավ հերն անիծածի հետ:
Ընդամենը մի լավ խմեցինք… և վերջ:
Վաղը նորից մի լավ կխմենք, կհարբենք,
Իսկ հաջորդ առավոտյան գլուխներս բռնած կհիշենք բոլոր օղի թորողներին…
Մեկ առ մեկ,
Եվ ընդամենը, որպես հիշողություն տարեդարձից,
կմնան անորակ օղու հասցեին հնչած հայհոյանքներն ու այն, որ ես մեկ օրում ծերացա մեկ տարով… Հետո ի՞նչ…




