Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը բնակվում է Օդեսայում, կարծում է, որ իրավապահները պետք է ուսումնասիրեն Կիևի մարզում սպանված Շոթա Չիչիաշվիլիի կապը վրացական հատուկ ծառայությունների հետ:

Վրաստանի նախկին նախագահը կարծում է, որ Շոթա Չիչիաշվիլին, որը սպանվել էր իրավապահների կողմից հոկտեմբերի 2-ին, Ուկրաինայում իր մասին տեղեկություններ էր հավաքում: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է Facebook-ում:

«Իմ օրոք այդ քրեական հանցագործ Չիչիաշվիլիին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, բայց 2013-ին ազատ է արձակվել Իվանիշվիլիի հրամանով: Վերջին տարիներին նա հատուկ առաքելությամբ ուղարկվել էր Ուկրաինա՝ իմ և իմ շրջապատի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով, ինչի մասին մեզ նախազգուշացրել էին ուկրաինական իրավապահ մարմիններում մեր աղբյուրները»,- գրել է նա:

Նախկին նախագահի կարծիքով «պետք է ուսումնասիրել Չիչիաշվիլիի կապը վրացական հատուկ ծառայությունների հետ, որոնք, իրենց հերթին, ուղղակիորեն վերահսկվում են իրենց ռուսաստանցի գործընկերների կողմից»:

«Դա շատ վտանգավոր հանցագործ էր: Գործողության ընթացքում ուկրաինական ոստիկանությունը ցուցաբերել է քաջություն և արհեստավարժություն»,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանում Չիչիաշվիլիին անվանում են «թիվ մեկ ահաբեկիչ», նշում է «Էխո Կավկազա»-ն: Նա 22 տարվա ազատազրկման է դատապարտվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ մարդ առևանգելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել