«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Ի հեճուկս չարագուշակ կանխատեսումների՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երեկ կայացավ Երևանում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց այդ նիստին: Նրանք, ովքեր 2-3 շաբաթ առաջ հակառակն էին պնդում և, ըստ ամենայնի, ուրախանում էին այդ հեռանկարից, իհարկե, չեն ասի՝ ներեցեք, սխալվել ենք:
Բայց ինձ թվում է՝ այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանի պետական շահերին [և հետևաբար՝ նաև անվտանգությանը], «իշխանամետ» կամ «ընդդիմադիր» կեցվածքն այնքան էլ իմաստալից չէ. եթե մարդն ապրում է Հայաստանում և մտադիր է իր երկրում ապրել մինչև կյանքի վերջ, ապա հարափոփոխ կառավարությունների հանդեպ համակրանք-հակակրանքը չի կարող ավելի կարևոր լինել այն հարցից, թե որքանով են մեր պետության միջազգային դիրքերն ամուր, ինչ հեղինակություն ունի Հայաստանն այս տարածաշրջանում:
Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանում, ինչպես նաև Պուտինի և Ռոհանիի միաժամանակյա ներկայությունը մեզ համար դրական փաստեր են: ԵԱՏՄ-ն ինձ համար զուտ քաղաքական կառույց է [ԱՊՀ-ի նման], դրանից տնտեսական վնասներն ավելի շատ են, քան օգուտները: Եթե տարբերակ կար այդ կառույցից խուսափելու՝ դա պետք է արվեր: Բայց հասկանալի [դարձյալ քաղաքական] պատճառներով մենք հիմա չենք կարող այդ կառույցի «դուռը շրխկացնել»՝ դա արկածախնդրություն կլիներ: Հետևաբար, պետք է շարունակել մասնակցել այդ գործընթացին՝ հնարավորինս ներգրավելով այլ երկրների, հատկապես՝ Իրանին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: