«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին արդիական զինատեսակներ վաճառելու գործընթացը բխում է պրագմատիզմի տրամաբանությունից և մեծ պետությանը հարիր մարտավարական և ռազմավարական նպատակներից: Սպառազինության առք ու վաճառքը ունի այն յուրահատկությունը, որ մատակարարողին հնարավորություն է ընձեռում կախվածության մեջ դնել մատակարարվողին: Պաշտոնական Մոսկվան վերջինի շնորհիվ ձգտում է իր ազդեցության ուղեծրում պահել դրանից հետզհետե դուրս եկող Ադրբեջանին, իսկ զինտեխնիկայի ընթացիկ սպասարկման, դրանց մարտապաշարի համալրման, հետագա արդիականացման, ինչպես նաև սպասարկող և շահագործող անձնակազմի ուսումնառության գործընթացները որոշակի հնարավորություն են տալիս ՌԴ-ին ամրապնդել իր ազդեցությունը պաշտոնական Բաքվի նկատմամբ»:
«Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը այսպիսի կարծիք է հայտնում Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ և նշում, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա,  միևնույնն է, վերջինս այն կգնի այլ երկրներից, այդ թվում Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակից համարվող Թուրքիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, որոնց ազդեցության բարձրացումը Ադրբեջանում հակասում է Ռուսաստանի ռազմավարական նպատակներին:
Այս կոնտեքստում նա նշեց, որ նավթադոլարների ներհոսքը պաշտոնական Բաքվին որոշակիորեն ինքնուրույն գործելու հնարավորություն է ընձեռել, որի ամենավառ վկայումներից է Գաբալայում տեղակայված և ՌԴ-ին վարձակալությամբ տրված «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանի փակումը, որին ի պատասխան Մոսկվան դադարեցրեց Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական հում նավթի արտահանումը:
Փորձագետը տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հիմնախնդիրն է իր ազդեցությունը հաստատել ողջ Հարավային Կովկասում, սակայն դրան հասնելու նպատակով նա կիրառում է տարածաշրջանային երկրների ներքին հիմնախնդիրներից բխող մարտավարություն:
Անդրադառնալով պաշտոնական Երևանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից ՀՀ-ին և ԼՂՀ-ին սպառնացող Ադրբեջանին զենք վաճառելու փաստի բարոյական կողմին` Ափինյանը նշեց, որ պետք չէ նեղացածի աչքերով նայել Ռուսաստանին, սակայն որպես օրինակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն երբևէ հարձակողական զինատեսակներ չի վաճառում իր դաշնակից Իսրայելի պետությանը բացահայտորեն սպառնացող երկրներին:
Փորձագետը չբացառեց, որ այդ զինատեսակները մի օր կարող են ուղղվել դեպի Հայաստանի և Լեռանային Ղարաբաղի հանրապետություններ, սակայն վստահեցրեց, որ ՀՀ զինված ուժերը բավարար չափով սպառազինված են և ունեն բարձր ռազմա-դաշտային պատրաստություն, ինչը հնարավորություն է ընձեռում արժանվույնս պատասխանել հակառակորդին:
Օրինակ` նա նշեց, որ Ադրբեջանի կողմից գնված, 400-ից մինչև 6000մ. հեռահարություն ունեցող «ՏՕՍ 1-Ա» կրականետային ծանր համակարգերը չափազանց խոցելի են և կիրառվում են համապատասխան զինատեսակների աջակցմամբ միայն, որոնց խափանման և ոչնչացման համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ և ի վերջո ամենևին էլ պարտադիր չէ տվյալ զինատեսակին հակազդել նույնատիպ զինատեսակով:
Փորձագետը հետգրությամբ նշեց, որ հայի տիպը ինքնասեր է և անկախ ամենից պատրաստ է պաշտպանելու իր նախնիների և ապագա սերունդների կենսատարածքը, որը սրբացվելով լեգենդար հերոսների թափված արյունով հազարամյակների ընթացքում վերածվել է Հայրենիք հասկացության և ի վերջո պատերազմում հաղթում է ոչ թե զինտեխնիկան, այլ զիվորը` լեցուն հայրենասիրությամբ և հանուն Հայրենիքի նահատակվելու պատրաստակամությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել