Այս ֆոտոնախագիծն իրականացնելու միտքը ծնվեց, երբ ուսումնասիրում էինք հայկական տարազը, քննարկում էինք էթնիկը նորաձևության մեջ օգտագործելու գաղափարը։ 21-րդ դարը գլոբալիզմի դարաշրջան է, իսկ անգութ գլոբալիզմը չի հանդուրժում մշակույթներ, ջնջում է ազգայինը, բոլոր ազգերին, էթնոսներին պարտադրում է լինել միանման, մի ձեռագրի։
Երբ արդեն էական չէ՝ դու Լոնդոնում ես, Նյու Յորքում, Միլանում, թե Երևանում, բոլորը հագնվում են նույն ոճով, լսում են նույն երաժշտությունը, դիտում են նույն ֆիլմերը, անգամ նույն կերպ են մտածում։ Ազգայինը փրկվելու, չմոռացվելու և նորաձև համարվելու խնդիր ունի, որով զբաղվում են շատ դիզայներներ աշխարհի տարբեր երկրներում։
Այս ոչ դյուրին պայքարում մեծ հաջողություններ են գրանցում իտալացիները, որոնք իրենց մշակույթը նորաձև դարձնելու և աշխարհին մատուցելու մեծ վարպետներ են։
Միքելանջելոյի «Դավիթ»-ը բարձրագույն արվեստ է, որին միգուցե վիճակված էր մնացյալ արվեստի գործերի պես մնալ թանգարանային ցուցանմուշ ու արժանանալ մի քանի նեղ մասնագետների ուշադրությանը, բայց այն համաշխարհային նորաձևության գլխավոր թեմաներից է և տարբեր իլյուստրացիաներով հաճախ է հանդիպում այս կամ այն նորաձևության տան նոր հավաքածուներում։
D&G-ն, բացի խանութ իջնելու համար փափուկ սպորտային հագուստ կարելուց, ազգային էլեմենտները նորաձևության մեջ կիրառելու հաջող փորձ ունի։ Նրանք Իտալիայի, մասնավորապես՝ Կապրի կղզու մեծ սիրահարներ են։
Կապրիի ազդեցությունը կարելի է տեսնել նրանց օծանելիքներում, կղզուն հատուկ սալահատակների նախշերը կարելի է տեսնել հագուստի վրա, իսկ կղզու խորհրդանիշ հանդիսացող կիտրոնի կիրառությունը՝ ամառային հավաքածուներում։
Ֆոտոնախագծում փորձել ենք նորաձև լույսով ցույց տալ հայկական տարազը, համադրել գրոտեսկի աստիճանի հասնող մոդեռն էլեմենտների հետ։ Նպատակն է ընդգծել տարազի գեղեցկությունը և կիրառելիությունը նորաձևությունում, հուշումներ անել հայ դիզայներներին, հետաքրքրել նրանց ազգայինը կիրառելու գաղափարով։
Սպիտակ զգեստը XIX դարի վերջի XX դարի սկզբի հարսանեկան զգեստն է՝ թևքերի բացվածքով և եզրազարդարված: Գոտի-գոգնոցը հարդարված է ոսկեթել ասեղնագործությամբ արված, ծաղկամանում տեղադրված ծաղկեփնջով և կենաց ծառի պատկերներով: XX-րդ դարասկզբի հարսնացուի հագուստը կազմված է ձևավոր թևքերով, երկարափեշ, ծաղկանախշերով մետաքսյա զգեստից և ծաղկանախշերով ասեղնագործված կրծկալից և գոգնոցից: Տարազի հետ կրում են զգեստի գույնի ասեղնագործ ճակատակալ և սպիտակ շղարշ, որի մի անկյունով ծածկվում է պարանոցը:
Հարսանեկան տարազն արքայական տեսք ունի և իր մեջ հայոց պատմության շունչն է կրում: Ամեն մի դետալ յուրահատուկ նշանակություն ունի, և զարմանալի չէ, որ ժամանակակից շատ աղջիկներ եվրոպական հարսանյաց զգեստների փոխարեն նախընտրում են մեր պարզ, հասարակ, բայց իրավամբ գեղեցիկ հայկական տարազները: