Pastinfo.am-ը գրում է.

«Քաղաքական պայքարը կոշտ փուլ է մտել, որը երբեմն շատ նման է «մարտեր՝ առանց կանոնների» պայքարի» ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու՝ իշխանության սկսած գործընթացին։

Հիշեցնենք Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ԱԺ քառօրյայի օրակարգում է։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Սահմանադրական դատարանը կկարողանա անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, հայտարարել է. «Պետք է նախ և առաջ առաջնորդվել այն ելակետով, որ ՍԴ-ի դատավորներն, այնուամենայնիվ, կկայացնեն բացառապես իրավական փաստարկների հիման վրա որոշում: Նախապես չեմ ուզում որեւէ դիրքորոշում ներկայացնել: Հուսանք, իրենք կկայացնեն անաչառ որոշում, բայց ոչինչ պետք չէ բացառել»:

Մակունցի խոսքերից ստացվում է, որ, եթե ՍԴ-ն իշխանության քաղաքական «գծից» դուրս որոշում կայացնի, այն կլինի ոչ օբյեկտիվ։ «Փաստինֆո»-ի այս դիտարկմանն անդրադառնալով, քաղտեխնոլոգը նշեց. «Կանխատեսելի է, թե ինչ գնահատականների կարժանանան ՍԴ անդամները՝ երկու տարբերակներում էլ եւ այս ամենը քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է, որովհետեւ իշխանությունը ինչ-որ մի փուլից սկսած կոշտացրել է գործելաոճը եւ մենք տեսնում ենք, այսպես ասած, թավիշը երկաթով փոխարինելու գործելաոճը»։

Արդյո՞ք ՍԴ-ն կտրվի «երկաթի ճնշմանը»։ Քաղտեխնոլոգը կարծում է՝ ՍԴ-ն կդիմադրի։ «Մարտավարությունը, որն ի սկզբանե իշխանությունը գործի դրեց ՍԴ –ի նկատմամբ, բավականին թույլ էր այն առումով, որ հենց ի սկզբանե իշխանությունն իր դեմ հանեց ՍԴ անդամներին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությամբ օրենքից դուրս հանելով ՍԴ անդամներին եւ նշելով, որ նրանք դատավոր չեն։ Հասկանալի է, որ դա բնական հակառեակցիա առաջացրեց եւ ստեղծեց այնպիսի վիճակ, որ ՍԴ անդամները առանձնապես կորցնելու բան չունեին»։

Ըստ քաղտեխնոլոգի, ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի ներդրման փորձով, որն, ըստ էության, վերջիններիս գործարքի մեջ մտնելու առաջարկ էր, իշխանությունը փորձեց շտկել իրավիճակը։ «Դա բացեիբաց գործարքի գնալ էր նշանակում։ Եթե այն նախապես, անդրկուլիսյան բանակցությունների ձեւաչափով արվեր, գուցե ինչ-որ մարդիկ գնային նման գործարքի, բայց այս կերպ՝ բացեիբաց դա արժանապատվության խնդիր էր։

Կարծում եմ ՝ ի սկզբանե հակառակորդ կամ թ/նամի դարձնել ՍԴ անդամների մեծ մասին, ճիշտ մարտավարություն չէր իշխանության համար»,-նշեց Վիգեն Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել