Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը, որպես միջազգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի՝ շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը: Այն, որքան հիշում եմ, նոր «հղում» է բարձր մակարդակով քննարկումներում ու բանակցություններում: Չեմ անդրադառնում կիրառված այդ եզրույթին, դրա հնարավոր մեկնաբանությանն ու կիրառությանը մեր հակամարտության պարագայում. թող դա անեն միջազգային իրավունքի մասնագետները: Միայն ասեմ, որ այդ վարժությունը, ինչպես նաև հղումը «Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմանը» ուղիղ հետևանքն էր Նիկոլի կողմից սեպտեմբերի 2-ին թույլ տրված չմտածված ու անզգույշ արտահայտության, թե «Արցախն իր անկախությունը ձեռք է բերել Սովետական Ադրբեջանից»:
Ես սպասում էի, որ վարչապետի աշխատակազմը (ֆեյքերի հայհոյախոսական ֆաբրիկան գործարկելուն զուգահեռ) և ԱԺ-ն (Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված ինքնակործան քաղաքական արշավին զուգահեռ) հանդես կգան արձագանքով` բացատրությամբ, թե ինչու չի կարելի հղում կատարել Ստալինի ճնշմամբ ընդունված կուսակցական այդ որոշմանը՝ որպես հակամարտության կարգավորման պատմաիրավական փաստարկի, և ինչպիսի մեկնաբանություն ու կիրառություն կարող է ունենալ «uti possidetis» նորմը արցախյան հակամարտության պարագայում: Երկու պարագայում էլ ասելիք շատ կա` ի շահ հայկական կողմերի բանակցային դիրքերի ամրացման:
Բայց տղերքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ` չգիտակցելով, որ պատմության ընթացքում դեռ ոչ ոքի չի հաջողվել ճիշտ կանխազգալ, թե նման մթնոլորտում ովքեր են դառնում այդ ատելության զոհերը, և ինչ գին է այն սովորաբար ունենում պետականությունների ապագայի տեսանկյունից: