Դերասաններ Սեմ Նիլը, Լորա Դյոռնը եւ Ջեֆ Հոլդբլյումը կխաղան «Յուրայի շրջանի աշխարհը 3» ֆիլմում: Այդ մասին, ինչպես գրում է Buzzfeed-ը, Լորա Դյոռնն ինքն է հայտնել «Ճակատամարտ Բիգ-Ռոքում» կարճամետրաժ ժապավենի հատուկ ցուցադրության ժամանակ, որը պատմում է «Յուրայի շրջանի աշխարհի» երկրորդ մասից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Ես սիրում եմ դինոզավրերին: Եվ ինձ դուր է գալիս, որ դուք նրանց այնքան եք սիրում, որքան եւ մենք»,- ասել է Դյոռնը:
Ինչպես նշում է Buzzfeed-ը, ֆրանշիզայի առաջին ֆիլմերի աստղերը շարունակության մեջ կխաղան «կարեւոր դերեր», այլ ոչ թե էպիզոդիկ: Սեմ Նիլը, Լորա Դյոռնը եւ Ջեֆ Հոլդբլյումը գլխավոր դերերն են խաղացել Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի շրջանի բնայգին» (1993թ.) ֆիլմում:
Հաշվի առնելով 2013 թվականի 3D-տարբերակի վարձույթը՝ ֆիլմը հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար: Կինոնկարն ստացել է երեք «Օսկար» մրցանակ: Ֆիլմում պատմվում է այն կղզու մասին, որտեղ ստեղծել են զվարճալիքների այգի՝ կլոնավորված դինոզավրերով:
Մի խումբ գիտնականների հրավիրել են այգու տեսչական ստուգում անցկացնելու դրա բացումից առաջ: Բայց աշխատակիցների մեկի պատճառով դինոզավրերը հայտնվում են ազատության մեջ, եւ այցելուները պետք է փորձեն փրկվել: Ջեֆ Հոլդբլյումը վերադարձել է «Յուրայի շրջանի բնայգին. կորուսյալ աշխարհ» (1997 թ.) ֆրանշիզայի երկրորդ ֆիլմ, ինչպես նաեւ «Յուրայի շրջանի աշխարհը 2» (2018 թ.) կինոնկար:
Իսկ Սեմ Նիլը, Լորա Դյոռնը, բացի առաջին ֆիլմից, նաեւ խաղացել են «Յուրայի շրջանի բնայգին 3» (2001 թ.) կինոնկարում: «Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը կնկարահանի ռեժիսոր Քոլին Թրեւորոուն: Կինոնկարի թողարկումը պլանավորված է 2021 թվականի ամռանը: