168.am-ը գրում է.

Հաշվի առնելով բնակչության չափերը եւ բազմազգ կազմը, դրա հետ կապված երկրի կառավարման դժվարությունը, ուժեղ եւ միասնական ղեկավարությունն անհրաժեշտություն է Չինաստանի համար: Այդ մասին ասված է Սպիտակ գրքում, որը սեպտեմբերի 27-ին տարածվել է ՉԺՀ-ի Պետխորհրդի մամուլի գրասենյակի կողմից:

«Առանց միասնական եւ ուժեղ ղեկավար ուժի Չինաստանը կշարժվի դեպի տրոհում եւ կկործանվի, ինչն աղետալի հետեւանքներ կունենա ամբողջ աշխարհի համար»,-ասված է փաստաթղթում, որը նվիրված է առաջիկա հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին: Գրքում նշվում է, որ ՉԺՀ-ն չի փորձում արտահանել զարգացման իր մոդելը եւ հանդես է գալիս հեգեմոնիայի բոլոր ձեւերի դեմ:

«Զարգացումը բարձրագույն գերակայությունն է Չինաստանի համար: Վերջին 70 տարում Չինաստանի զարգացումը շահել է խաղաղ եւ կայուն արտաքին միջավայրից»,-ասված է փաստաթղթում: «Արտաքին էքսպանսիան եւ հեգեմոնիան չեն համապատասխանում Չինաստանի շահերին»,- նշվում է Սպիտակ գրքում:

«Հանուն խաղաղ միջազգային միջավայրի ակտիվ պայքարը սեփական առաջընթացի համար եւ աջակցությունը համընդհանուր առաջընթացին մշտապես կմնան ՉԺՀ-ի աներեր պետական կամքը»,-ասված է փաստաթղթում: Ինչպես նշվում է ՉԺՀ-ի Պետխորհրդի փաստաթղթում, 1950 թվականից Չինաստանի կառավարությունը շուրջ 400 մլրդ յուան գումարի օգնություն է տրամադրել 166 երկրի եւ միջազգային կազմակերպության: 1978-ից մինչեւ 2018 թվականը Չինաստանի տարածքում մոտավորապես 1 միլիոն ձեռնարկություն է բացվել օտարերկրյա կապիտալով: Նաեւ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018 թվականին սովորել են շուրջ 500 հազար օտարերկրացի ուսանողներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել