Նարե Համբարձումյանը և Արմեն Սարգսյանն օգոստոսի 19-ին ծնողներ դարձան: Զույգն արդեն մի քանի ամիս է՝ վայելում է նոր կարգավիճակը: Չնայած դեռևս չեն հրապարակել որդու՝ Մարկի լուսանկարը, բայց զույգը պատրաստվում է ֆոտոշարք իրականացնել:  

«Շատ արագ հարմարվեցի այս կարգավիճակին, շատ հեշտությամբ եմ ամեն ինչ անում, բայց, իհարկե, ինձ օգնում են: Մայրս է շատ օգնում, Արմենն էլ զերծ չի մնում այդ ամենից: Եղել են դեպքեր, երբ Արմենին և բալիկին թողել եմ իրար հետ և դուրս եմ եկել տանից»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Նարեն:

Շատ կանանց մոտ երեխայի ծնվելուց հետո հետծննդաբերական դեպրեսիա է լինում։ Նարեն հերքում է այդ թեզը. «Կարծում եմ՝ այդ խնդիրը լինում է ավելի շատ բարդույթավորված մարդկանց մոտ: Ես ինքս ամեն ինչին փորձում եմ դրական նայել, հետո ամեն մի դժվարություն անցնում է, երբ որդուս գրկում եմ»:

Ծնողական բնազդը Նարեն զգում էր դեռևս հղիության շրջանում. «Ես լիովին գիտակցում էի այդ պատասխանատվությունը: Ես էլ, Արմենն էլ սիրում ենք ամեն ինչին դրական նայել: Երբեք չի եղել, որ մտածենք՝ իսկ ինչպե՞ս ենք պահելու երեխային: Չենք փորձում բարդացնել կյանքը: Մենք գիտեինք, որ ծնողներ ենք դառնալու, և ամեն ինչ իր հունով գնալու է»:  

Զրույցի ժամանակ քննարկեցինք նաև ժամանակակից աղջիկների դաստիարակման մեթոդները, և արդյո՞ք լինում են այս առումով տարաձայնություններ մայրիկի հետ. «Մայրիկի հետ տարաձայնություններ չեն լինում: Ես ավելի շատ աշխատում եմ լսել ոչ թե կողքից ինչ են ասում, այլ բժշկին»:

Նարեն խոստովանում է, որ հղիության ընթացքում մտածել է՝ ինչ է զգալու, երբ ամուսինը՝ Արմենը, իր գիրկն առնի բալիկին. «Հիմա այդ պահը վայելում եմ, թե ինչպես է խաղում երեխայի հետ, ինչպես է կարոտած աշխատանքից գալիս տուն: Այն ժամանակ մենք աշխատանքից հետո ուզում էինք հավաքվել ընկերների հետ, հիմա շտապում է տուն, որովհետև կարոտում է: Մեկ-մեկ իրար հետ լուրջ խոսում են: Չի համբերում, թե երբ պետք է մեծանա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել