Դերասան Քիթ Հարինգթոնը, որը Ջոն Սնոուի դերակատարն է «Գահերի խաղում», խոստովանել է, որ մինչ այժմ չի դիտել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը: Նրա խոսքը մեջբերել է The Independent-ը։
Հարինգթոնն ընդգծել է, որ դա գիտակցված որոշում է՝ «Գահերի խաղի» երկրպագուների կողմից եզրափակիչ մասի քննադատության պատճառով: «Ես գիտեմ, թե ինչի միջով ենք մենք անցել, որպեսզի այն նկարահանենք, եւ դա ծանր էր, եւ բոլորը դրա մեջ սեր եւ ուժ են ներդրել: Մենք գիտեինք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում: Եվ մենք գիտեինք, որ դա ճիշտ է մեր հերոսների համար, որովհետեւ նրանց հետ տասնամյակ ենք ապրել»,-նշել է դերասանը:
Մայիսին երկրպագուները պահանջել էին վերանկարահանել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, որը նրանք չհաջողված են համարել: Ի պատասխան՝ նախագծին մասնակցած դերասաններ Սոֆի Թյոռները եւ Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, ասել են, որ հանդիսատեսները սեփական կարծիքն ունենալու իրավունք ունեն, սակայն նրանց հանրագիրը, որով խնդրում են վերափոխել վերջին էպիզոդները, անհարգալից վերաբերմունք է շոուն ստեղծողների նկատմամբ: