Armtimes.com-ը գրում է․

«ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքն արժե մոտ 1 միլիոն դոլար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 10:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք:

Մեր զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս տիպի անօդաչու թռչող սարքերը բարձրանում են մինչեւ 5-6 կիլոմետր: Հարցին՝ զորավարժությունների առնչությա՞մբ էին այս ԱԹՍ-ն ուղարկել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ենթադրում եմ այո, հետախուզություն են իրականացնում»:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է ՀՀ տարածքում «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով անցկացվում է լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժությունը կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Նշենք, որ «ORBITER-2»-ը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է: Ինչպես հայտնում է «ՌազմԻնֆո»-ն, ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության եւ մարտավարական որոնողական աշխատանքների համար։

Երկարությունը 1մ է, բարձրությունը՝ 0.2մ, թեւերի բացվածքը՝ 3մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5կգ, արագությունը՝ 55-130կմ/ժ, թռիչքի տեւողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը՝ մինչեւ 80կմ, թռիչքի առաստաղը՝ 5486մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել