Մաս առաջին
Բնապահպան Սեպուհը հոգնած էր, արդեն մեկ ամսից ավել էր, ինչ ակտիվ մասնակցում էր ի պաշտպանություն Դամբուլսարի ակցիաների՝ ընդդեմ «Պիդիան Մունդրնեյշնլ» ընկերության հանքային ծրագրի։ Բնապահպան Սեպուհը շատ լավ մասնագետ էր և տարիների ընթացքում աշխատելով տարբեր միջազգային ծրագրերում որպես բնապահպան֊փորձագետ՝ կարողացել էր հավաքել 6 մլն դրամի խնայողություն, որը որպես ավանդ դրած էր «Գամերիաբանկ»֊ում։
Սեպուհի փոքր եղբայր Մհերը զբաղվում էր մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, իսկ քույրը՝ Գոհարիկը, բաժնի առաջատար մասնագետ էր ինչ֊որ երկար անվանում ունեցող նախարարությունում։
Մաս երկրորդ
Ոստիկանության 6֊րդ վարչության աշխատակից Ռուստամ Բութասյանը նախորդ օրը ստացել էր հրահանգ` նյութեր նախապատրաստել և գործ հարուցել Սեպուհի դեմ։ Հարցը շատ կարևոր էր. վերևները այս կերպ որոշեցին թուլացնել «Save Dambulsar» շարժումը, որի ակտիվ մասնակիցներից էր Սեպուհը։
Օպեր Ռուստամ Բութասյանը մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ հավաքեց Սեպուհի ազգականների, հարևանների և ընկերների մասին։ Ամենահարմար և խոցելի թիրախը Սեպուհի պետծառայող քույրն էր։ Նրա նկատմամբ կարելի էր գործ հարուցել ապօրինի հարստացման հոդվածով (մանավանդ, որ վերջերս ԱԺ֊ի կողմից ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» և դրա հետ կապված օրենքները թույլ էին տալիս հիմնավոր և վերաբերելի կասկած ունենալու դեպքում անօրինական ճանաչել և հետագայում բռնագանձել ցանկացած մարդու և քննիչի կարծիքով նրա հետ փոխկապակցված ցանկացած անձի ցանկացած գույք)։
Մնում էր հասկանալ, թե ի՞նչ ուներ Սեպուհը, քանի որ Սեպուհի քրոջ վրա գործ հարուցելու ամբողջ իմաստը Սեպուհի վրա ճնշում գործադրելն էր։
Մաս երրորդ
Բնականաբար, հաշվի առնելով նոր օրենքը՝ «Գամերիաբանկը» անմիջապես տրամադրեց Սեպուհի բանկային մնացորդների մասին տվյալները, որոնց վրա քննիչի որոշմամբ և Գլխավոր դատախազ Բարդակ Հոռոմի Դությանի համաձայնությամբ դրվեց կալանք։ Հիմնավորումը հստակ էր. ըստ նախաքննական մարմնի հիմնավոր կասկածի՝ բանկային այդ գումարը Սեպուհինը չէր, այլ նրա պետծառայող քրոջը և հենց այդ գումարի` Սեպուհի բանկային ավանդի առկայությունը ապացուցում էր նրա քրոջ ապօրինի հարստացման փաստը։
Վերջաբան
Սեպուհի քույրը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։
Սեպուհի 6 մլն դրամի բանկային ավանդի գումարը բռնագանձվեց՝ համաձայն նոր օրենքների, հօգուտ պետության, և Սեպուհը՝ որպես հանցակից, նույնպես դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Դամբուլսարի հանքը բացվեց։ Ռուստամ Բութասյանը ստացավ նոր, ավելի բարձր պաշտոն, բայց չհասցրեց վայելել…
Տեսնելով իր հարազատների զրկանքները՝ Սեպուհի եղբայր Մհերը մի օր զինված մտավ Բութասյանի տուն և գնդակահարեց նրա ամբողջ ընտանիքին, վերջում էլ ինքնասպանություն գործեց...
Վերևներին չեն զեկուցում այդ ամենը, քանի որ վերևներին հետաքրքիր չեն առանձին մարդկանց ճակատագրերը։ Նրանք զբաղբած են ոչ թե առանձին մարդկանց, այլ մի ամբողջ ժողովրդի բարօրության և նոր Հայաստանի կերտմամբ։ Է՜լ ինչ Պողոսներ, Սեպուհներ և Ռուստամներ…
ք. Երևան, 25.04.2020