Ամենաբարձր մակարդակով թուրք-իսրայելական հերթական հեռակա «լեզվակռվի» շրջանակում դարձյալ անամոթաբար օգտագործվել է Հայոց ցեղասպանության թեման:
ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր բեմերից ունեցած ելույթներում կրկին քննադատել է Իսրայել պետության քաղաքականությունը պաղեստինցի արաբների նկատմամբ և, ընդհանրապես, տարածաշրջանում:
Ավելին՝ ԱՄՆ-ի թուրքական համայնքի հետ հանդիպմանն Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակել է որպես ճիշտ նույնպիսի «հոլոքոստ, որը նացիստներն իրականացրել են հրեա ժողովրդի դեմ»:
Իսրայելական կողմը Թուրքիայի նախագահին պատասխանել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի մակարդակով, թվիթերյան տեսաուղերձի միջոցով, որում վերջինը մասնավորապես նշել է. «Նա, ով չի դադարում կեղծիք տարածել Իսրայելի մասին, ով կոտորում է քրդերին իր իսկ երկրում, ով հերքում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը (իսրայելական կայքերի մեծամասնությունը կիրառել է ցեղասպանություն եզրը), նա չէ, որ պետք է խրատի Իսրայելին։ Էրդողա՛ն, վե՛րջ տուր ստելուդ»:
Մինչդեռ վերոնշյալի համատեքստում ինչն է ուշագրավ․ սա, կարծես, Իսրայելի վարչապետի պաշտոնում Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանությանն այսպիսի ձևակերպմամբ առաջին անդրադարձն է: Հրեական պետություում նման որակմամբ թեմային անդրադարձել են շատերը՝ նախարարներ, խորհրդարանի խոսնակներ, բազմաթիվ պատգամավորներ՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչ, քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ, անգամ վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, մինչդեռ վարչապետի մակարդակում առնվազն ես չեմ մտաբերում:
Իհարկե, Նեթանյահուի նման հռետորաբանությունը կարող է պայմանավորված լինել նաև ներիսրայելական քաղաքական գործընթացներում նրա ունեցած խնդիրներով, երբ որևէ հարցի շուրջ դիրքորոշում արտահայտելիս փորձում է առավել սկզբունքային և կտրուկ դիրքերից հանդես գալ: