ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը խիստ արդյունավետ է որակել ԵԽ-ի և Կոնգրեսի հետ երկարամյա բարձր մակարդակի շփումներն ու արդյունքահեն համագործակցությունը և գոհունակություն հայտնել կառույցի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանին ցուցաբերված փորձագիտական և մեթոդական աջակցության համար։ Փոխնախարարը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանում տարվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և գործառույթների ապակենտրոնացման ուղղությամբ Հայաստանի կառավարության առաջնահերթությունները։

Կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլն իր հերթին բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնավարության հզորացմանը միտված ՀՀ կառավարության շարունակական ջանքերը և պատրաստակամություն հայտնել իրենց գործուն աջակցությունը ցուցաբերել տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված Հայաստանի վճռական քայլերին։

Կողմերը քննարկել են նաև համատեղ աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա գործողությունների ծրագրերին առնչվող ընթացակարգային հարցեր։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել