Նախկին ոստիկանապետի ինքնասպանությունը, թե սպանությունը լուր չէ, գույժ չէ, ահազանգ է առ այն, որ Հայաստանում ինչ-որ բան այլևս այնպես չէ, որ թավիշը դառնում է փշալար։ Մարդ է մեռել, քաղաքական դերակատար անձնավորություն, և դա կատարվում է հետխորհրդային երկրներին հատուկ ավանդույթների խամրող լույսերում, երբ երկրի ղեկավարը դրսում Հայաստան է ներկայացնում հեղափոխական ցոլքերի ներքո, իսկ երկրում, քննարկումների, երկար ու բարակ մեկնությունների մեջ, մարդկային կյանքը դառնում է լրահոսի մի տող։

Ինչքան էլ մեղավոր լինի Քոչարյանը, այսօր սա այնքան կարևոր չէ, քան այն, որ նրա դատավարությունը սև խոռոչի նման մեզ խորտակում է մեր ինքնագիտակցության հակասությունների մեջ։ Թուրքը հիմար չէ։ Նա հանգիստ սպասում է այն պահին, երբ ինքնաոչնչացման մեր դեգերումները կհասնեն իրենց ապոգեյին։ Երբ մեղադրյալների ցանկը կհամալրվի բարիկադների հակառակ կողմի ներկայացուցիչներով, երբ անարդարության պատճառով արդարության իրականացումը դարձյալ կմղվի փողոց։ Դուք Ձեզ հարց չե՞ք տալիս, թե ինչո՞ւ է այսքան խաղաղ մեր սահմանների վրա։

Հիմա բոլորը կասեն, որ Փաշինյանն աստված չէ, սխալվել է կադրային քաղաքականության մեջ։ Եվ այդ սխալի վառ ապացույցը Վանեցյանն է՝ կասեն նրանք։ Հիմա հեղափոխականները, բոլորը հերթով կհրաժարվեն ԱԱԾ նախկին տնօրենից, կարծես, նա չէր, որ կարևորագույն պահին կանգնեց նրանց կողքին։ Տնային տնտեսուհիների մի մեծ բանակ քնելուց առաջ աղոթք կասի վարչապետի համար՝ ցանկանալով նրան երկաթե կամք ու ձերբակալությունների` Լոս Անջելեսում հայտարարված մի նոր շարք։ Փաշինյանն էլ իր մոտ կկանչի նրանց, ովքեր կախված են իրենից, հարցեր կտա բազմապիսի ու կստանա այն պատասխանները, ինչ նորին գերազանցությունը ուզում էր լսել։ Այո՛, Նորին գերազանցությունը, որովհետև բռնապետության ճամփին ենք, որովհետև նա, ով այսուհետ իշխանության գնալու փորձ կանի, նրա անցյալը կտնտղեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երեկ միջակության դիկտատուրա էր, այսօր այն կլինի հեղափոխական միջակության, որովհետև, քաղաքական զարգացումների հիմքում ոչ թե մարդն է՝ սեփական երկրում երջանիկ ապրելու իր երազած իրավունքով, այլ առաջնորդի կամքը, նրա ճշմարիտ երևալու երկաթյա ցանկությունը, նրա շքախմբի թշվառության քողարկումը։

Ոչինչ չի փոխվել՝ բացի իշխանությունից։ Ունայնություն ունայնության։

Վանեցյանը ճիշտ էր։ Կանգ առնել է պետք։
Սերժի ժամանակ բոլորը ատում էին Սերժին։
Նիկոլի ժամանակ բոլորը սիրում են Նիկոլին, սակայն իրար են ատում։ Սա է այս հեղափոխության կեղտոտ աստառը։

Բարի առավոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել