Politik.am-ը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով: Հայտնի է, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել Գյումրու Շիրակ օդանավակայանից: Ըստ վարչապետի ֆեյսբուքյան էջի, Գյումրիից նա մեկնել է սեպտեմբերի 21-ին ժամը 15:52:
Նորից հետևելով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին տեղեկանում ենք, որ նա Լոս Անջելես է հասել սեպտեմբերի 22-ին ժամը 08:55:
www.flightradar24.com կայքի օգնությամբ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին ժամը 15:41(վարչապետ Փաշինյանին օդում արված լուսանկարի հրապարակվելուց ուղիղ 11 րոպե առաջ) Գյումրու Շիրակ օդանավակայանից թռիչք է իրականացրել միայն մեկ ինքնաթիռ՝ Gulfstream G550:
Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41։
Վարչապետ Փաշինյանի համար պատվիրված ինքնաթիռը Գյումրիից ուղևորվել է Իռլանդիա, որտեղ լիցքավորվելուց հետ ուղղություն է բռնել դեպի ԱՄՆ, Լոս Անջելես:
Երեկ Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնսանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ այս թռիչքը պետության համար արժեցել է 400 հազար դոլար, ուստի մենք փորձեցինք հասկանալ, թե որքան է իրականում արժեցել վարչապետի Լոս Անջելես մեկնելը Gulfstream G550 ինքնաթիռով:
Նախ նկատենք, որ ըստ վարչապետի հրապարակած լուսանկարների թռիչքը տևել է մոտ 17 ժամ: Gulfstream G550 ինքնաթիռը գերթանկարժեք ինքնաթիռների շարքին է դասվում: Մասնավոր ինքնաթիռների վարձակալությամբ զբաղվող Jets.ru կայքում նշված է, որ Gulfstream G550 ինքնաթիռ կարելի է վարձակալել ժամը 7400-10200 եվրո արժողությամբ:
Մենք արդեն գիտենք, որ վարչապետի Լոս Անջելես թռիչքը տևել է 17 ժամ: Մեր տեղեկություններով նույն ինքնաթիռով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է մեկնել նաև Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:
Հասկանալու համար, թե դեպի Լոս Անջելես ուղևորությունը որքան կարժենա նշված ինքնաթիռով մենք պատվեր գրանցեցինք կայքում:
Ընկերությունից մեզ հետ կապ հաստատեցին և փոխանցեցին իրենց գնային առաջարկը: Ըստ այդ առաջարկի միայն Երևան-Լոս Անջելես թռիչքը, 13 ուղևորոներով կարժենա 250 հազար եվրո կամ 275 000 դոլար, իսկ Երևան-Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությունը կարժենա 300 հազար եվրո կամ 330 000 դոլար:
Այս պահին դեռ հայտնի չէ, թե վարչապետ Փաշինյանը պատրաստվում է այլ քաղաքներ ևս մեկնել նշված ինքնաթիռով, բայց կարող ենք ենթադրել, որ գերթանկարժեք վոյաժը շարունակվելու է, քանի որ օրերս կառավարությունը որոշում էր կայացրել կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 250 մլն դրամ: Ըստ էության այս 250 մլն դրամը նախատեսված է վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ծախսերը հոգալու համար միայն: