Armtimes.com-ը գրում է․

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀԺ-ի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում:

Մամուլում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը եւ տեւել մի քանի ժամ: Այնուհետեւ մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին:

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- մեր զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

- Պարոն Վանեցյան, այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ շրջանառվում:

- Դա արդեն գրողներից է պետք հարցնել, ումից են պատվեր ստացել, որ նման նյութեր գրեն:

- Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ չի՞ եղել:

- Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբեւիցե կյանքիս մեջ որեւէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:

- Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում:

- Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ:

- Պարոն Վանեցյան, հրաժարականից հետո ձեր հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից, սա արդյո՞ք նշանակում է, որ դուք զղջացել եք այդ հայտարարությունն անելու համար:

- Ֆեյսբուքյան էջից հայտարարություն հանել-չհանելու հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ իրենց պաշտոնական կարծիքը ստանալ: Այն իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով:

- Պարոն Վանեցյան, ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք:

- Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիտ կշարունակեմ իմ կյանքը:

- Շարունակելո՞ւ եք  պաշտոնավարել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

- Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով, ես չեմ հրաժարվելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին մեկ տարվա հաջողությունները բոլորը տեսել են, եւ ես խնդրում, հորդորում եմ բոլորին, որպեսզի ֆուտբոլը չմտցնեն նման «քաղաքական» քննարկումների մեջ եւ թողեն, որ ես զբաղվեմ ֆուտբոլով: Իզուր թող ֆուտբոլային աշխարհը սթրեսի չենթարկեն, որովհետեւ առաջիկայում ունենք շատ կարեւոր խաղեր եւ մեր բոլոր ֆուտբոլիստները, ֆուտբոլային գործիչները, պետք է լինեն հանգիստ, նեռվերները հանգիստ, կայուն, որպեսզի ունենանք հաղթանակ: Իսկ այդ հաղթանակը ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայինն է, այլ մեր ժողովրդինն է, մեր ընդհանուր պետության համար է:

Արթուր Վանեցյանը մեր այլ հարցերի չպատասխանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել