ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իր հրաժարականին ոստիկանապետի պաշտոնից:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժևորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:

Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:

Պատիվ ունեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թ. մայիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս նշանակման մասին գրել էր. «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:

Ավելի վաղ Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել