Իմիջիայլոց, անհրաժեշտ է նաև արձանագրել, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահի ելույթում հնչեցված գնահատականները և Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ որոշումն անօրինական անվանելը Սահմանադրության, միջազգային իրավակարգավորումների և այլ իրավական ակտերի խախտումների տրցակ էին, որոնք հետագայում դրվելու են Հայաստանի Հանրապետության դեմ կայացվելիք դատական ակտերի հիմքում։
Իշխող քաղաքական ուժի ուշադրությունն եմ հրավիրում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից մի քանի հատվածի վրա։ Մասնավորապես՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլնի, նշում է, որ իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որը, ի թիվս այլնի, պահանջում է, որ դատարանի կողմից կայացված դատական ակտերը կասկածի տակ չդրվեն (Brumărescu v. Romania [GC], no. 28342/95)։
Օրենքի գերակայության սկզբունքը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության գաղափարը բացառում են օրենսդիր մարմնի կողմից որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը՝ ուղղված դատական ակտի վրա ազդեցություն ունենալուն, հետևաբար, դատարանի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը կամ պրակտիկան թույլատրի ոչ դատական մարմնին, որքան էլ որ օրինական լինի, միջամտելու դատական գործընթացներին կամ կասկածի տակ դնի դատական եզրակացությունները (CASE OF ASSANIDZE v. GEORGIA, no. 71503/01)։