Իմ լավ ծանոթ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Թևոսյանի կինը նշանակվել է ԱԺ խոսնակի ռեֆերենտ։ Բնական է` որոշ լրատվականներ վերնագրել են այս նորությունն իբրև «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կինը նշանակվել է ԱԺ նախագահի ռեֆերենտ»։ Վահագն էլ պոստ է գրել, որում արդարացիության հարց է բարձրացնում` նշելով, որ իր կինը 20 տարվա մասնագիտական ստաժ ունի, լրագրող, խմբագիր, գլխավոր խմբագիր է աշխատել (այդ թվում՝ և «Հայկական ժամանակ»-ում): Ասում է, որ լրագրողները լավ կանեին՝ հարգանք ցուցաբերեին, քանի որ ինքը չի «դասավորել», առհասարակ, նվաստացուցիչ կլիներ նման բան անելը առաջին հերթին իր կնոջ համար, և այսպես շարունակ։ Ես մեկնաբանություն գրեցի, որի հետ ինքը համաձայն չէ, սակայն կուզեմ ձեզ հետ էլ կիսվել կարծիքովս։
Ես գտնում եմ, որ էս տեսակ արձագանքն առավել քան արդար ա, ու խիստ անարդար կլիներ, եթե հանկարծ նման արձագանք չլիներ։ Բացատրեմ։ Նիկոլն ինքը տարիներ ի վեր հարյուրավոր անգամներ բարձրաձայնել է այս կամ այն պաշտոնյայի բարեկամների հարցը, շատ անգամ դա արել է հենց իր «Հայկական ժամանակ» թերթի միջոցով (որում աշխատել է Վահագնի կինը)։ Նիկոլի վերջին խոստումներից էր, որ այլևս քավոր-սանիկ չի լինելու պետական համակարգում։ Իսկ ի՞նչ ունենք արդյունքում։ Ինչքան բարեկամ, քավոր, սանիկ, ընկեր ունի, պաշտոնի են։ Բնական է, որ էս համատեքստում ամեն նոր, պաշտոնյայի հետ փոխկապակցված նշանակում ստանալու է նման արձագանք՝ անկախ նշանակվողի կոմպետենտություն ու անձնական արժանիքներից։ Դուք եք ստեղծել այս մթնոլորտը, բա ո՞նց եք ուզում՝ լինի։ Էն սաղ մոռանանք ու սկսենք նոր էջից, հա՞, ու նորմալ լինի բարեկամների նշանակումները, քանի որ իրենք լավ մասնագետներ ու լավ մարդիկ են, հա՞։ Դա՞ է լինելու արդարը։ Ասեմ ձեզ, որ արդարության մասին ձեր պատկերացումները շատ շուտով բախվելու են դաժան իրականությանը, ընկերներ։ Արդեն բախվում են։
Վահագնը ինձ հարց է տալիս. «Բա ի՞նչ անեմ, բաժանվե՞մ, որ նորմալ լինի»։ Չէ, Վահագն ջան, բաժանվել պետք չէ, տենց ձևական բաժանում մի մարզում ունենք, մարդիկ չեն էլ թաքցնում, որ բաժանվել են աչք չծակելու համար։ Պետք չէ։ Չի օգնի։ Իմ խորհուրդը մնում ա նույնը. ժպտա ու անցիր առաջ, բայց մի փորձիր հիմնավորել կատարվածի անարդար լինելը, չի ստացվելու, քանի որ սա, ինչպես և վերջին 1.5 տարին կատարվող ամեն բան շատ, կրկնում եմ, ՇԱՏ արդար ա։