Քաղաքականության մեջ մանրուքները կարևոր նշանակություն ունեն, եթե չասենք, որ որոշ հարցերում անգամ վճռորոշ են:

Դրանք այլ որակ ու ենթատեքստ են ստանում միջազգային կամ երկկողմ հարաբերությունների ժամանակ:
Ս.թ. օգոստոսի 31-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին, ով կալանավորված է և մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ, ինքս տեսակետ էի հայտնել, որ այդպիսի ցցուն ուղերձն ուղղակի քաղաքական ապտակ է Հայաստանի իշխանություններին, որ Ռուսաստանի իշխանությունների համար անընդունելի է մարտի 1-ի գործով Հայաստանում իրականացվող քրեական հետապնդումը:

Սրանով հանդերձ՝ ընդգծել էի, որ ինձ ապշեցնում է Հայաստանի իշխանության դիրքորոշումը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են կամ երբևէ այնքան լավ չեն եղել, որքան այսօր՝ արձանագրելով, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները՝ փորձելով անել հնարավոր ամեն ինչ՝ հասկանալ տալու համար, որ Հայաստանում իրականացվող գործընթացները չպետք է ազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա և ուղղված չեն այդ հարաբերությունների դեմ, որ Քոչարյանին դատելը մեր ինքնիշխան իրավունքն է:

Որոշ իմաստուններ արձագանքել էին, թե Պուտինի ուղերձն ընդամենը շնորհավորական բացիկ է և կրում է զուտ արարողակարգային բնութ: Գրեթե նույն կերպ էր իշխանության տարբեր ներկայացուցիչների արձագանքը:

... Երեկ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթանբաևի ծննդյան օրն էր: Նա այս պահին կալանավորված է և մեղադրվում է մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ:

Վլադիմիր Պուտինը նրան չի շնորհավորել: Այդ մասին որևէ հաղորդագրություն, համենայն դեպս, հրապարակված չէ:
Երևի ընկերներ չեն, կամ Ալմազբեկ Աթանբաևը Ռուսաստանի բարեկամը չէ...

Հ.Գ. Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր հիմա էլ կպնդեն, որ Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր երկրներ են, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Աթանբաևը տարբեր մեղադրանքներով են կալանավորված՝ մոռանալով, սակայն, որ Ռուսաստանն է նույնը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել