«Ազատություն» TV-ի (հղումն այստեղ՝ «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 16-ը սեպտեմբերի, 2019թ) լրատվական կենտրոնի սեպտեմբերի 16-ի երեկոյան թողարկման ընթացքում ռեպորտաժ է հեռարձակվել օրվա գլխավոր թեմայի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության վերաբերյալ։
Նշյալ ռեպորտաժում հնչում են բացառապես Վանեցյանին քննադատող տեսակետներ։ Մասնավորապես, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Վանեցյանի պաշտոնանկությանն անդրադառնալով, նշում է․ «Եթե անհամաձայնություն ունեիք, ապա, կներեք, մեկուկես տարի ունեիք ժամանակ: Բայց ամենից կարևորը՝ գեներալի կոչումը ստանալու ժամանակ ես որևէ անհամաձայնության մասին չլսեցի»:
Այնուհետև ռեպորտաժում կարծիք է հայտնում վերջին շրջանում Վանեցյանին բազմիցս քննադատած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ասում է․ «Արթուր Վանեցյանի գործունեությունն արդեն վաղուց չէր տեղավորվում ժողովրդավարական տրամաբանության մեջ, որը կարծես թե պետք է երաշխավորվեր և ապահովվեր 18-ի մայիսից հետո։ Արթուր Վանեցյանի գործունեությունը բավականին հակասում էր ժողովրդավարության տրամաբանությանը, ու նաև դա երևաց Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստից, որտեղ տեսնում ենք, որ ինքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը քիչ է գլուխ հանում պետականությունից, վատ է տարբերակում առաջնային և երկրորդային հարցերը և այլն: Այսինքն՝ ինքը համարում է, որ անվտանգության մարմիններն ավելի կոմպետենտ են այս հարցերում, քան երկրի քաղաքական ղեկավարությունը»:
«Ազատություն» TV-ն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության հարցում Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու և ԱԱԾ նախկին ղեկավարին բացասական լույսի ներքո ներկայացնելու հստակ քարոզչություն է իրականացրել, ընդ որում՝ որևէ հակադիր դիրքորոշում չհրապարակելով։ Հորդորում ենք «Ազատություն» TV-ին պահպանել անկողմնակալ և համակողմանի տեղեկատվություն տարածելու սկզբունքները։