Ամեն օր հանդիպում ենք իշխանության այս կամ այն ոլորտում ձախողմանը և դրան հետևող քննադատություններին ոչ իշխանական՝ ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունն իմ կարծիքով: Միանշանակ ոչ այնպիսին, ինչպիսին այժմ իբրև կա Հայաստանում: Խելամի՞տ է արդյոք իշխանություններից պահանջել հեռանալ, եթե վերջիններս բազմակի անգամ ապացուցել են, որ նման բանի մասին նույնիսկ երազել պետք չէ: Կարծում եմ` դա բոլորն են հասկանում: Ներկա պահին Հայաստանում չկա մի ընդդիմական ուժ կամ լիդեր, ով իր շուրջը կարող է հավաքել հասարակության այն մեծ մասը, որը դժգոհում է իշխանություններից: Ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե ընդդիմությունը ոչ թե տասնյակ կուսակցությունների վերածված, այլ մեկ ընդհանուր ճակատով պայքարեր ոչ թե իշխանության հեռացման համար, ոչ թե իրենց համար քաղաքական հարթակ ստեղծելու համար, այլ պայքարի վերջնանպատակ ընտրվեր իշխանության կողմից որոշակի լծակների՝ օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքար կամ նման այլ լծակների ստացումը: Այո՛, Հայաստանի նման երկրներում երբեք խաղաղ ճանապարհով իշխանափոխության չեն հասնում: Նույնիսկ արյան գնով իշխանափոխությունների դեպքում կա գերտերությունների շահը: Իսկ այսօր գերտերություններին ձեռնտու է Հայաստանի Հանրապետության վիճակը: Նրանք միայն իրենց շահն են հետապնդում, և իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե Հայաստանից քանի մարդ է անվերադարձ հեռանում, քանի մարդ է սովամահ լինում: Ընդդիմությունը վերջապես պետք է համախմբվի մեկ գաղափարի շուրջ, բայց ոչ թե իշխանության ազատագրման (ինչպես իրենք են ասում) կամ «բաղձալի աթոռին» տիրանալու գաղափարը, այլ իշխանությանը որոշակի առումով վերահսկելու, անհրաժեշտության դեպքում նաև պատժելու գաղափարի շուրջ: Ընդդիմությունը պետք է լինի հակակշիռ իշխանությանը, հարգելիներս: Այդպիսով կհասնենք անպատժելիության մթնոլորտի վերացմանը կամ գոնե նվազեցմանը: Այնպես որ, հարգելի ընդդիմականներ, ավելի լավ է պայքարել հաջողության հնարավոր ելք ունեցող գաղափարների համար: Նախկինում եղած բոլոր փորձերը ամենալավ ապացույցն են, որ մեր երկրում իշխանափոխություն ընդունում-հանձնում մեխանիզմով չի կարող լինել:



