Մտածում եք` Հոլիվուդը շուտով ցնցվելու է նոր զոմբիների մասին ֆիլմից, ու լուսանկարներն այդ ֆիլմի հերթական կադրերի՞ց են։ Ո՛չ, իրականում սա Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու գյուղերից մեկի սովորական առօրյան է․ մահացածներին հանել են մաքուր օդի։ 

Ինդոնեզայի Սուլավեսի կղզու տարեջե կոչվող ժողովուրդն ունի թաղման մի ահասարսուռ, բայց հետաքրքիր ավանդույթ, որը կոչվում է «Մամենե»: Կղզիաբնակները 3 տարին մեկ հանում են իրենց հարազատների դիակներն ու ամբողջ տարածքով մեկ պտտեցնում: Հանելուց հետո չեն մոռանում նոր շորեր հագցնել, մնացած մազերը սանրել, հարդարել, մի խոսքով՝ մի լավ սիրունացնել, որ հարազատն իրեն մերժված չզգա:

Միասին երկար զբոսնելուց հետո բնակիրչները նորից թաղում են հարազատներին ու անցնում առօրյա գործերին: Այստեղ վստահ են, որ այս արարողությունն օգնում է հարազատների հետ կապը պահել անգամ մահվանից հետո ու հարազատներն էլ այն աշխարհում հետևում են, որ իրենց գործերը լավ լինեն, փողը չպակասի և այլն:

Սակայն 3 տարին մեկ կրկնվող այս արարողությունը կազմակերպելու համար տարեջեի ներկայացուցիչներն ահռելի գումարներ են ծախսում, ու շատերն անգամ պարտքեր են կուտակում, որ մահացած հարազատների աչքից հանկարծ չընկնեն: Նրանք վստահ են, որ որքան շատ գումար ծախսեն իրենց հարազատների վրա, այնքան շատ ավելի հաջողված կլինեն իրենց գործերն այս աշխարհում։ Դրա արդյունքում շատ աղքատներ, ովքեր չունեն այդքան գումար ծախսելու հնարավորություն, ավելի շատ են աղքատանում, ինչը հանգեցնում է աղքատության աճի բնակչության շրջանում։ 

Սակայն այս արարողությունն ունի մի մեծ առավելություն՝ տուրիզմը։ Երեք տարին մեկ այս կղզի այցելողների թիվը կտրուկ շատանում է։ Բոլորը գալիս են, որպեսզի իրենք իրենց աչքով տեսնեն իրական Զոմբիլենդը, որը հիշեցնում է ամերիկյան ֆանտաստիկ կամ սարսափ ֆիլմի ստացված դրվագ։ Այստեղ շրջող զբոսաշրջիկները հիմնականում դիմակներ են կրում ու փորձում են առավելագույնս հետևել անվտանգության, հիգիենայի կանոններին մահացածներից չվարակվելու կամ բացիլներ ձեռք չբերելու համար։

Արդյունքում շատերը կատակում են, որ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզին միակն է, որտեղ մահացածները երբեք չեն հանգչում խաղաղությամբ․ նրանց խաղաղությունը պարբերաբար խաթարում են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել