Սեպտեմբերի 13-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.                                                

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստին: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը և նույնիսկ առաքելությունը, որ դրված է խորհրդի և ընդհանուր առմամբ թիմի առջև:

2018 թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային ամենահիմնական պատճառների շարքում կարելի է վստահաբար շեշտադրել ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունը: Պատահական չէ, որ գործող իշխանությունը և կառավարությունն իր գործունեության մեկնարկից ի վեր մշտապես հայտարարել են, որ հանրային կառավարման խորքային բարեփոխումները քաղաքականության օրակարգի առանցքային բաղկացուցիչն են լինելու: Այս բարեփոխումները երաշխավորելու են մյուս ոլորտներում վարվող քաղաքականությունների հաջողությունը, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, պաշտպանական, թե այլ:

Այսօր արդեն ակնհայտ է՝ հասարակությունը շատ ավելի ուշադիր է պետության քաղաքականության, ընդունած որոշումների նկատմամբ, ավելի մեծ հնարավորություն ունի պահանջատեր լինելու, միաժամանակ՝ խնդիր է դնում պետության առջև՝ առավել պատասխանատու, մասնակցային ու հաշվետու գործելակերպեր որդեգրել իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման ժամանակ:

Հետևապես, ժողովրդավարացման չափազանց կարևոր փուլ ենք անցնում, որը պետք է առաջիկայում արմատավորվի որպես արժեհամակարգ: Այս փոխակերպումն առաջնորդելու գործում Կառավարությունը և իշխանության մյուս օղակներն իրապես կարևոր անելիքներ ունեն: Վերջին մոտ 1.5 տարին ավելին, քան բավարար էր համակողմանի հասկանալու, որ հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի:

Այսօր ազդարարում ենք մի ընդգրկուն ու բազմաբովանդակ ռազմավարության մշակման գործընթացի պաշտոնական մեկնարկը, որն իր առջև գերխնդիր է դնում վերարժևորելու պետական կառավարման համակարգը: Մի բան ակնհայտ է և անքննելի. ժամանակակից աշխարհում և՛ հասարակական հարաբերությունների բովանդակությունը, և՛ գործընթացների դինամիկան, և՛ տեղեկատվական հոսքերով հագեցվածությունը պահանջում են այլ որակի և մոդելի ինստիտուտներ:

Հիմնական նպատակը մեկն է՝ պետական համակարգի արժեքների, ինստիտուտների և գործընթացների վերափոխումն այնպես, որ ապահովվի քաղաքացիակենտրոն հանրային կառավարում: Ռազմավարության ներքո պետք է կարողանանք ձևակերպել պետական համակարգի գործառնական մոդելը, որը ունակ է և արդյունավետ՝

  •     զարգացման օրակարգ ձևակերպելու ու հանրության քննարկմանը ներկայացնելու,
  •     մշտապես փոփոխվող միջավայրի ազդակներին արձագանքելու,
  •     պետության առջև ծառացող ռիսկերը և մարտահրավերները հասցեագրելու,
  •     հանրային բարեկեցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն կյանքի կոչելու հարցերում:
  • Ավելի առարկայորեն, հանրային կառավարման համակարգի բարեփոխում ասելով՝ ըստ էության խոսում ենք մի քանի առանցքային ուղղությունների մասին, որոնք կազմում են պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կառուցման շաղախը: Մասնավորապես, խոսքը հետևյալի մասին է.
  •     ինչպես է պետությունը քաղաքականություններ մշակում և իրականացնում, այդ թվում՝ կառավարում հանրային ֆինանսները,
  •     ինչպես է պետությունը ծառայություններ մատուցում հանրությանը,
  •     ինչպիսի պետական ծառայության համակարգի միջոցով է իրականացնում իր հիմնարար գործառույթները,
  •     որն է այն օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որի միջոցով պետությունն առավել արդյունավետորեն կարող է ապահովել վերը թվարկված ուղղությունները,·    և, վերջինը, բայց ինչը նաև չափազանց կարևոր է, ինչպիսի հաշվետվողական ու բարեվարքության կանոններով է պետությունը հարաբերվում հասարակության հետ:
  •      Ռազմավարությունն, ըստ այդմ, կներառի 5 հարթություն՝
  •      քաղաքականությունների մշակում,
  •      հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում,
  •      պետական ծառայությունների մատուցում,
  •      հաշվետվողականություն և բարեվարքություն,
  •      հանրային կառավարման գործառութային շրջանակ:

Բարեփոխումների բոլոր հարթություններում կենտրոնական դեր է հատկացվելու թվայնացման և մարդկային կարողությունների զարգացման հարցին: Մասնավորապես, կդիտարկվեն թվային, էլեկտրոնային և խելացի լուծումների ներդրման հնարավորությունները: Նպատակ է դրվում սրանով մեծացնել համակարգի աշխատանքի սիներգիան, օպերատիվությունը, թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների հնարավոր խելամիտ ծավալով ավտոմատացումը: 

Բարեփոխումների արդյունքում պետական քաղաքականությունները դադարելու են լինել հատվածական, պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար, ներդրվելու է քաղաքականության արդյունքների համար անհատական պատասխանատվության ինստիտուտը, վերափոխվելու է պետական ծառայողի հանրային ընկալումը, պետական ծառայությունը դառնալու է գրավիչ և՛ երիտասարդ մասնագետի համար, ով հավակնություն ունի պետական կարիերա անելու, և՛ այլ ոլորտներում կայացած ինքնաբավ մասնագետի համար, ով պատրաստ է իր գիտելիքն ու բազմամյա փորձը ներդնելու պետականաշինության գործում: Պետական համակարգի գործունեությունը հենվելու է ոչ թե առանձին անհատների կամ նվիրյալների երբեմն անձնազոհ ջանքի, որը ոչ պակաս կարևոր է, իհարկե, այլ կայացած ինստիտուտների վրա:

Ի սկզբանե պարզ է, որ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, ինչպես որ ցանկացած ռեֆորմի բուն փիլիսոփայություն, լինելու է պոզիտիվ դեստրուկցիայի տրամաբանությամբ: Բայց այդ ռեֆորմի արդյունքում պետք է ստանանք հենց ռեֆորմների ներունակ՝ փոփոխություններ կրելու ու առաջնորդելու կարողությամբ օժտված համակարգ:

Ռազմավարության մշակման գործընթացում և դրա հետագա իրականացման փուլում ակնհայտորեն բազմաթիվ դժվար որոշումներ կայացնելու առջև ենք կանգնելու, որոնք կարող են ոչ միանշանակ վերաբերմունքի և մեկնաբանության արժանանալ: Այս իմաստով, քաղաքական իշխանությունը պատրաստակամություն և անհրաժեշտ կամք ունի՝ ռեֆորմն իր նախասահմանված հանգրվանին հասցնելու համար, ինչպես և խոստացել էինք նախընտրական փուլում:

Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը և ծավալը, հաստատակամորեն բարեփոխումների մշակման և իրագործման ողջ ընթացքում ապահովվելու է հանրային լայն մասնակցություն և պատշաճ իրազեկում: Միաժամանակ, ի տարբերություն հաճախ հանդիպող պրակտիկայի, երբ նման աշխատանքը հենվում է փորձագիտական կարողության վրա, այս դեպքում նպատակ ունենք, որ ռեֆորմների հիմնական բովանդակության կրողը կլինի հենց հանրային ծառայողը:

Վստահություն ունեմ, որ նման ներկայացվածությամբ ու կազմով խորհուրդը պատվարժանորեն կառաջնորդի Ռազմավարության մշակման գործընթացը: Բոլորիս հաջող ընթացք եմ մաղթում այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել