Ապատեղեկատվություն համար 1

Մի երկու օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել:

Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը «Լուսավոր Հայաստան»-ին վարկաբեկելու միտում ունի:

Սահմանադրական փոփոխությունների մասին մենք խոսել ենք Կառավարության կառուցվածքի փոփոխության ժամանակ: Երբ իշխանությունը հրաժարվեց ուժային կառույցները դարձնել նախարարություններ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ առաջարկեց քննարկել և գտնել այլ լուծում այդ կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու համար: Սակայն մենք պնդեցինք, որ դրա համար կա՛մ պետք է ընդունել մեր տարբերակը, կա՛մ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցով որևէ քննարկում չեղավ:

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները մեկնարկում են հաջորդ տարի փետրվարից: Մինչև օրս որևէ ձևաչափով, որևէ օրակարգով, որևէ հարթակում սահմանադրական փոփոխությունների քննարկում չի եղել:
Եվ դա գիտեն բոլորը:

Ապատեղեկատվություն համար 2

Երեկ պարոն Բաբաջանյանը մեզ մեղադրեց իշխանության հետ խայտառակ պայմանավորվածության մեջ՝ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության հետ։

Պետք է նշեմ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այդ նախագծի առաջին ընթերցումը գարնանն էր, երբ մենք կոշտ քննադատեցինք և ներկայացրինք առաջարկներ։ Պարոն Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ էր, գիտեր այդ մասին և երբևէ չի հայտնել որևէ մտահոգություն, և նա գիտեր, որ մենք դեռևս գարնանը բանակցում էինք այս հարցի շուրջ նախագծի հեղինակի հետ։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, քաղաքական և համագործակցային։

Ավելին՝ երբ ես ամբիոնից ելույթներ էի ունենում խորհրդարանական ընդդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության մասին, «Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը լուռ լսում էր և միգուցե ողջունո՞ւմ էր․․․

Հ․Գ Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը։ Յուրաքանչյուր ապատեղեկատվություն համարակալվելու է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել