Սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք չափազանց վճռորոշ նշանակություն ունեն ինչպես ներիսրայելական քաղաքական զարգացումների, այնպես էլ տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից։
Նշվածի համատեքստում կարելի է արձանագրել ընտրությունների արդյունքների և դրանց վրա ազդեցության առումով հետևյալ մի քանի իրողությունները․
1. Այս ընտրությունների արդյունքներից է կախված գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետագա պաշտոնավարման հնարավորությունը, այդ իսկ պատճառով, ինչպես Նեթանյահուն, այնպես էլ նրան աջակցող արտաքին ուժերն օգտագործում են բոլոր հնարավոր լծակները նրա հաջողության համար, քանի որ հենց Նեթանյահուի հետագա պաշտոնավարման հետ է կապված նաև մի շարք տարածաշրջանային ծրագրերի հետագա հեռանկարը։
2. Առկա սոցհարցումների համաձայն, որոնք գործող աջակողմյան-կրոնական քաղաքական ճամբարի օգտին չեն, Իսրայելում առարկայական հնարավորություն կա կենտրոնամետ կառավարության ձևավորման։
3. Ավանդույթի համաձայն՝ Նեթանյահուն ընտրություններից 5 օր առաջ մեկնում է Ռուսաստան (ս․թ․ ապրիլին կայացած ընտրությունների ընթացքում նույն ժամանակային պատկերն էր)՝ նաև իսրայելցի ընտրողին ի ցույց դնելով Դոնալդ Թրամփի հետ ջերմ հարաբերություններին զուգահեռ ՌԴ նախագահի հետ առնվազն համախոհության հանգամանքը։ Ի դեպ, սեպտեմբերի 10-ին եզակի անգամ ռուսական օդուժը խոչընդոտել է իսրայելական ինքնաթիռներին՝ ռազմագործողություն իրականացնել Սիրիայի տարածքում։
4. Իրանի գլխավորությամբ Իսրայելի գործող իշխանության արտաքին հակառակորդները (Պաղեստինում, Լիբանանում) անում են ամեն հնարավորը երկրի անվտանգային վիճակն անընդհատ ապակայունացնելու, մշտական լարվածություն ապահովելու նպատակով, ինչն ուղղակիորեն հարվածում է վարչապետ Նեթանյահուի հեղինակությանը։ Ստեղծված իրավիճակում վերջինը հազիվ թե գնա լուրջ ռազմական առճակատման, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
5. Նեթանյահուի կողմից հատկապես Գազայի ուղղությամբ որոշակի գործողություն հնարավոր է հետընտրական շրջանում՝ ընտրությունների ոչ բավարար արդյունքների պայմաններում հասարակությանը և քաղաքական ուժերին իր գլխավորությամբ գոնե առժամանակ ազգային համաձայնության կառավարության ձևավորման գործընթացին նպաստելու համար։