Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի և Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել անկախ աբխազական պետականության կերտման ակունքներում, ակտիվ մասնակցություն է ունեցել հարազատ երկրի պաշտպանության, զարգացման և ամրապնդման գործում, այսուհետ ևս կանեք Ձեզնից կախված ամեն ինչ Ձեր ժողովրդին և պետությանը ծառայելու համար:

Հարգարժա՛ն պարոն Խաջիմբա,

Մեկ անգամ ևս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները և բարեկամության ու համագործակցության խորը հավաստիքը՝ ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել