Armdaily.am-ը գրում է.
«Միքայել Մինասյանը, որպես ՀՀ շարքային քաղաքացի, ունի իր տեսակետն արտահայտելու իրավունք: Ես հարգում եմ նրա այդ իրավունքը»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված Մինասյանի վերջին շրջանի ակտիվությունը, պատգամավորը պատասխանեց.«Կարծում եմ՝ Միքայել Մինասյանը, հաշվի առնելով իր անցյալը, փորձում է քաղաքական հալածյալի կերպարի մեջ մտնել»:
Հիշեցնենք, որ 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել էր, որ այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս:
«Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասել էր Մինասյանը: