Մինչ Թուրքիան հոխորտում ու սպառնում է, որ եթե մինչև սեպտեմբերի վերջ ԱՄՆ-ն չգա համաձայնության Թուրքիայի հետ և Եփրատի արևելքում, այսպես ասած, միասնական անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ, ապա դա միայնակ կանի, այդ ժամանակ Ադրբեջանն էլ մյուս կողմից է հոխորտում, որ հարվածներ է հասցնելու «Արևմտյան Ադրբեջանը օկուպացրածներին»:

Ադրբեջանը բացահայտ ռազմական գործողություններ վերսկսելու քարոզ է իրականացնում իր լսարանի համար: Բացի Արցախը գրավելու մասին քարոզչությունից` անցել են նաև Հայաստանի մասին նմանատիպ քարոզչության, իսկ Հայաստանի մասին գրելիս անպայման փակագծերում գրում են Արևմտյան Ադրբեջան:

Սա ես համարում եմ հոգեբանական գրոհ հենց սեփական հասարակության վրա: Նրանք իրենց հասարակությանը միայն հրամցնում են Հայաստանը գրավելու, հայերին սպանելու մասին նյութեր՝ դրանով ավելի շիկացնելով, կամ, այսպես ասած, հայրենասիրություն արթնացնելով Ադրբեջանի քաղաքացիների մեջ:

Պատահական չեմ համարում նաև վերջին շրջանում սահմանային զորամասերի հրամանատարների ակտիվությունը մեդիադաշտում, որտեղ նրանք իրենց հարցազրույցներում կարմիր գծով շեշտում են, որ պատրաստ են նետվել մարտի և կրկին հաղթել (2016-ի ապրիլը և 2018-ի մայիսը (Հունուտ) համարում են հաղթանակ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել