2019թ․-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 97 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 68-ը՝ չեզոք:

Ամուլսարի հարցով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես գտնվում է քննադատությունների կիզակետում։ Ամուլսարը դեռևս ներկա իշխանության բոլոր թևերի համար անլուծելի գլուխկոտրուկ է մնում։ ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշման մասին Ալեն Սիմոնյանի գնահատականին, ըստ որի՝ ՀՅԴ-ն հանրությանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասել է. «Ցանկություն չունեմ ինչ-որ մեկի, առավել եւս՝ Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանելու: Մեր տեսակետներն ու մոտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես է եկել, բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ օրերս ծավալուն մեկնաբանություն է տվել»։

Բնապահպան Ապրես Զոհրաբյանն էլ իր հերթին է անհեթեթ որակել Ալեն Սիմոնյանի խոսքերն՝ ուղղված բնապահպանական ճամբարին, նա նշել է, որ Ամուլսարի մասին գրողները հիմնականում Ամուլսարի տեղն ու դիրքը լավ չեն պատկերացնում։

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը և Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում բանավեճ են ունեցել, որը լայն քննարկման առարկա է դարձել։ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը, Տիգրան Ավինյանի գրառման տակ գրել է. «Տեղն ա մեզ, 70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց», որից հետո բանավեճին միացել է փոխխոսնակը և հարցրել. «Գայանե Տեր-Աստվածատրյան ջան, բայց դուք «Լուսավոր Հայաստան»-ից եք, մե՞զ եք ձայն տվել։ Ուղղակի հարցնում եմ»։

Սա համացանցում քննադատությունների տեղիք է տվել։ Շատ օգտատերեր հարցնում են՝ արդյո՞ք իշխող ուժը միայն իրենց ձայն տվածների համար պետք է աշխատի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել