Երեկ երգչուհի Արփին ներկայացրեց իր նոր՝ «Օրորերգ» ձայնասկավառակը, որի թողարկումը նրա երազանքներից մեկն է եղել: Հրավիրված հյուրերը հնարավորություն ունեցան լսելու երգչուհու մի քանի կատարում, բայց ակապելլա տարբերակով: BlogNews.am-ը ներկայացնում է շնորհանդեսի հետաքրքիր դրվագները:
«Ձայնասկավառակը թողարկվել է Նյու Ջերսիում, այդ իսկ պատճառով քիչ քանակությամբ ենք կարողացել բերել: Ընդգրկել ենք մեր հին օրորոցային երգերը, նաև տեղ է գտել իմ և Դավիթ Միրոյանի «Իմն ես» երգի կրկներգը, որի բառերը համահունչ էին մայր-երեխա կապին: Ձայնասկավառակում կա Քեսաբի օրոր, Ակնա օրոր, Կոմիտաս, Թումանյանի խոսքերով՝ «Ծիտիկի օրոր»-ը, ինչպես նաև «Արի իմ սոխակ»-ը (Ալեքսանդր Սպենդարյանն ուրիշ երաժշտություն ունի այդ թեմայով գրված և քիչ լսված), ինչպես նաև «Մախմուր աղջկա» դաշնամուրային տարբերակը, որովհետև ինձ շատ մայրիկներ էին գրում, որ իրենց բալիկը քնում է այդ երգի տակ»:
Երգչուհին նշում է, որ «Մախմուր աղջիկ» երգը սկզբում կոմերցիոն նպատակ չուներ, բայց հետո այդպիսին է դարձել. «Հաճախ հարսներն այս երգի տակ են բեմադրում իրենց պարը, հնչում է տարբեր խնջույքների ժամանակ: Անկախ մեզանից՝ երգը դարձավ կոմերցիոն, բայց, իհարկե, որակյալ:
Ես կարծում եմ՝ այս երգերի պահանջը մայրերը շատ ունեին։ Ես ինքս առաջին բալիկիս ժամանակ, երբ պետք է քնեցնեի, մտածում էի՝ ինչ միացնեմ: Կարողանում էի միայն դասական երաժշտություն միացնել: Հին հայկական օրորներ ես լսել էի օպերային ձայնով, բայց չէի ուզում՝ այդ ձայնով օրորները լսեի: Չի բացառվում, որ կունենամ երկրորդ ձայնասկավառակը օրորներով, քանի որ մենք ունենք հրաշալի օրորոցայիններ»:
Այն հարցին՝ իր բալիկնե՞րն էլ են լսում այս երգերը, երգչուհին նշում է. «Աղջիկս առավոտյան ասում է՝ մամ, «Ծիտիկի օրոր»-ը կմիացնե՞ս՝ երգեմ: Միացրի ու կողքից սկսեցի նկարել, թե ինչպես էր երգում: Ես երջանիկ եմ, որ նրան դուրս են գալիս այս երգերը: Երբ երեխաս նոր էր ծնվել, իմ առաջին ձայնասկավառակում կար Կոմիտասի «Արորն ու տատրակը», աղջիկս էլ ասում էր․ ««Տատրակ»-ը կմիացնե՞ս»»: