Երևանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսած տրանսպորտից ու վերելակներից, վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։ Իհարկե, բնական է, որ հասարակությանը հուզող առանձին-առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է, համակարգային։

Խնդիրը Երևանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։ Ընդհանրապես, կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ և ոչ պրոֆեսիոնալ, ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի, իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը։

Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երևանում։ Վերջին 1 տարվա ընթացքում ինքս և, վստահ կարող եմ պնդել, երևանցիները նույնպես համոզվեցինք, որ գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։

Դեռևս 10 տարի առաջ՝ 2009 թ․-ին ընդունված Երևանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա, միանշանակ, ճիշտ է․ Երևանը համայնք է, համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի։ Նախկին թաղային համայնքները, որոնց ղեկավարներն ընտրվում էին, կոչվեցին վարչական շրջաններ, ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է, եթե կադրերը պրոֆեսիոնալ են, իսկ վերջին մեկ տարին, փաստորեն, վատն է։

Իմ համոզմամբ՝ այստեղ խնդիրն այն է, որ մեկմիլիոնանոց Երևան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երևանի քաղաքապետն ի վիճակի չէ երևանցիների առօրյա հոգսերը հոգալու, թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ, որովհետև օրենքով ամրագրված չեն ամեն վարչական շրջանում իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը։ Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա հետևանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող է նշանակվել վարչական շրջանի ղեկավար և գաղափար չունենալով իր պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն գնդակի պես «տշի»․ կարևորը՝ իրենց դռներից հեռու։

Այսինքն՝ վարչական շրջաններն ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երևանում ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն վարչական շրջանների աշխատակազմերը կարծես ձևական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները և պատասխանատվությունն ընկնում է մեկ անձի՝ Երևանի քաղաքապետի վրա, և եթե նա էլ պրոֆեսիոնալ չէ ու չգիտի իր անելիքները, ստացվում է, որ այդ մեկ մարդու պատճառով Երևանում աղբը չի հավաքվում։ Ու դա այն դեպքում, երբ Երևանն ունի մրցույթ շահած օպերատոր, և քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար (ի դեպ, նախկինում ես ասել եմ, որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու), կանաչ գոտիներն այրվում են, վերելակներն ընկնում են, և շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։

Եթե պատկերավոր ասեմ, Երևանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով, լղար մարմնով մի երևույթի, որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։

Ի՞նչ է հարկավոր անել։ Կարծում եմ՝ նախ՝ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս «իջեցնել» դեպի իրենից ներքևի օղակներ, մյուս կողմից՝ ներքևի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։ Քավ լիցի, ես նկատի չունեմ, որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնեն այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։ Պետք է խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր, այս քաղաքային իշխանության պարագայում հնարավոր չէ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հենց ինքը՝ քաղաքապետն էլ է հասկացել, որ կամազ գնելով խնդիրը չի կարողանում լուծել, մետրոն չի կառուցելու, վերելակները չի փոխելու, բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել